3 ամիս Լաչինի միջանցքի՝ Ադրբեջանի կողմից փակ լինելու պայմաններում մենք իրադրության նոր սրում ունենք Լեռնային Ղարաբաղում: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նախորդ կիրակի Ադրբեջանի ԶՈՒ մի ստորաբաժանում դարանակալել և հարձակվել է ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտից ՈՒԱԶ մակնիշի մարդատար ավտոմեքենայով ծառայողական նպատակներով ԼՂ Հին Շեն և Մեծ Շեն գյուղեր ուղևորվող ոստիկանների վրա: Ոստիկաններից 3-ը զոհվել են, 1-ը՝ վիրավորվել:
Ցավակցություն հայտնելով զոհված ոստիկանների հարազատներին և ծառայակիցներին՝ ուզում եմ ընդգծել, որ նրանք 3-ն էլ ծնվել են ԼՂ-ում: Այս հանգամանքը հատուկ կարևորություն է ստանում 2023 թվականի փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովում Ադրբեջանի նախագահի արած մի հայտարարության ֆոնին:
Իսկ Ադրբեջանի նախագահը Մյունխենում ընդունել էր, որ գոյություն ունի միջազգային պայմանավորվածություն, համաձայն որի՝ իրենց պիտի ԼՂ հայության ներկայացուցիչների հետ քննարկեն վերջիններիս իրավունքների անվտանգության հարցը: Ադրբեջանի նախագահը, սակայն, ընդգծել էր, թե այդ քննարկումներն իրենք պատրաստվում են ունենալ ԼՂ-ում ծնված և ապրած մարդկանց հետ: Մարտի 1-ին ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի կենտրոնակայանում տեղի էր ունեցել ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, և ահա այդ հանդիպումից 4 օր անց Ադրբեջանը ձեռնարկեց վերը նկարագրված սադրանքը, որն այլ կերպ, քան ահաբեկչական ակտ, դժվար է որակել:
Այդ ահաբեկչական ակտին զոհ գնացին ԼՂ-ում ծնված, ԼՂ-ում ընտանիքներ կազմած 3, 2 և 1 երեխա ունեցող 3 քաղաքացի: Մարտի 5-ի ահաբեկչությամբ Ադրբեջանը մի քանի նպատակ է հետապնդում. առաջինը ԼՂ ներկայացուցիչների հետ հետագա բանակցությունների վիժեցումն ու նոր ռազմական սադրանքի համար անհրաժեշտ ֆոն ստեղծելն է»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանը հիշեցրեց, որ ԼՂ արտաքին գործերի նախարարությունը երեկ հանդես է եկել հայտարարությամբ՝ արտահայտելով պատրաստակամություն՝ շարունակելու խոսակցություն Ադրբեջանի հետ:
«Կարծում եմ՝ անհրաժեշտ է միջազգային հուսալի մեխանիզմներ ստեղծել, որ Բաքու-Ստեփանակերտ անխափան և ինստիտուցիոնալ խոսակցություն տեղի ունենա, և սա վերը հիշատակված միջազգային պայմանավորվածության իրացման արդյունավետ երաշխիք կարող է դառնալ»,- ասաց Փաշինյանը:
Մարտի 5-ի սադրանքի հաջորդ նպատակը, Փաշինյանի խոսքով, կեղծ ապացույցներ ստեղծելն էր, թե, իբր, Հայաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ զենք-զինամթերք է տեղափոխվում:
«Այս թեման Ադրբեջանի համար կարևոր է հատկապես Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումից հետո, երբ դատարանը միանշանակ և աներկբա մերժեց Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու Ադրբեջանի պահանջը, որով Ադրբեջանը Հայաստանին մեղադրում էր ականապատումներ իրականացնելու մեջ:
Այդ մերժմամբ արդեն մի քանի ամիս բոլոր միջազգային հարթակներում Հայաստանի դեմ ծավալվող անհիմն մեղադրանքները ականապատումների մասին փլուզվեցին:
Եվ ահա, Ադրբեջանը մարտի 5-ի միջադեպը փորձում էր ներկայացնել որպես ՀՀ-ից ԼՂ զենք-զինամթերք տեղափոխելու ապացույց, ինչը չհաջողվեց 2 պատճառով: Նախ՝ ոստիկանության ՈՒԱԶ-ը ոչ թե գնում էր դեպի Ստեփանակերտ, այլ Ստեփանակերտից էր դուրս եկել: Երկրորդ՝ Ադրբեջանի հարձակումը և ՈՒԱԶ մեքենայի հետագիծը Ստեփանակերտից մինչև դեպքի վայր նկարահանվել էր ԼՂ ՆԳՆ տեսախցիկների կողմից, ինչից ակնհայտ էր դառնում, որ ոստիկանական ավտոմեքենայում, բացի փաստաթղթերից և տաբելային զենքերից, որևէ այլ բան չի եղել:
Ադրբեջանի հաջորդ կարևոր նպատակը հետևյալն էր՝ արյունոտ ահաբեկչությամբ ձևավորել նոր խոսույթներ, տեղեկատվական նորանոր հոսքեր, որոնք կծածկեն կարևորագույն մի փաստ՝ այն, որ Ադրբեջանը բացահայտ կերպով չի կատարում համաշխարհային բարձրագույն դատական ատյանի՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ: Հիշեցնեմ, որ պարտադիր իրավական ուժ ունեցող որոշմամբ դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել իրեն հասու բոլոր միջոցները՝ երաշխավորելու լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ 2 ուղղություններով անխափան տեղաշարժը: Դատարանը շեշտել էր, որ իր որոշումը պարտադիր իրավական ուժ է առաջացնում Ադրբեջանի համար: Ահա այս որոշումը շուրջ 15 օր չի կատարվում, և սա բացառապես Ադրբեջանի պատասխանատվությունն է»,- ասաց Փաշինյանը:
Դեռ հակառակը, ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանը գնում է նորանոր սադրանքների՝ իրադրությունը ԼՂ-ում էլ ավելի սրելու համար:
«Այս ամենի ընդգծումով ավելի ու ավելի հրատապ է դառնում ԼՂ և Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղման անհրաժեշտությունը՝ կանխելու համար Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի սանձազերծումը և ԼՂ ժողովրդին էթնիկ զտումների ու ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունները, որոնք արտահայտվում են միջազգային դատարանների որոշումները չկատարելով, Լաչինի միջանցքը փակ պահելով, ռազմական սադրանքներ և ահաբեկչական գործողություններ ձեռնարկելով»,- ասաց Փաշինյանը:
Միաժամանակ վարչապետը վերահաստատեց Հայաստանի՝ խաղաղության հասնելու ձգտումը և հավատարմությունը խաղաղության օրակարգին: