Միջուկային զենք ունենալու Իրանի ձգտումը Իսրայելին ստիպում է պատրաստ լինել ցանկացած գործողության. գալիս է պահը, երբ պետք է որոշումներ ընդունել: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը` ամփոփելով ամերիկացի պաշտոնակցի հետ հանդիպման արդյունքները:
«Այսօր մենք վճռորոշ կետում ենք, առաջիկայում պետք է կայացնենք անհետաձգելի և կարևոր որոշումներ: Իրանը մտադիր է միջուկային զենք ստանալ և սպառնալ ոչ միայն Իսրայելին, այլև ողջ աշխարհին: Իրանի միջուկային սպառնալիքը մեր առաջ խնդիր է դնում պատրաստ լինել գործողությունների ցանկացած տարբերակի: Ես կրկնում և ընդգծում եմ` մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած գործողության, քննարկվում են բոլոր տարբերակները»,- ասել է նա` ընդգծելով, որ Իսրայելն Իրանին թույլ չի տա ստանալ զանգվածային ոչնչացման զենք, որը կսպառնա հրեական պետությանը:
Նա ընդգծել է, որ միջուկային զենք ստանալու հարցում Իրանին պետք է խոչընդոտեն ԱՄՆ-ն և Իսրայելը` միացյալ ջանքերով, հակառակ դեպքում` եթե Թեհրանը նման զենքի հասանելիություն ունենա, դա կարող է հանգեցնել տարածաշրջանային անկայունության: