103-ամյա Սեդա Աղաջանյանը արդեն որերորդ անգամ բոլոր մանրամասներով պատմում է, թե ինչպես հենց տանը ընկավ և վնասեց ոտքը: Բժշկական կենտրոնում էլ նախապատրաստվում են բացառիկ վիրահատությանը. ամեն օր չէ, որ վիրահատում են դարից ավելի ապրած հիվանդի: Իսկ Սեդա տատիկը բժիշկներից միայն մեկ խնդրանք-պահանջ ունի՝ հանկարծ ոտքը չկտրեն:
Սեդա Աղաջանյան - Բոլորիցդ շատ շնորհակալ եմ, միայն մի բան եմ խնդրում՝ չեմ թողնելու ոտքս կտրեք, թե կարող եք՝ բուժեք:
Տարեց հիվանդների կոտրվածքների վիրահատություններ օրթոպեդ-վնասվածքաբան Ռաֆայել Ավետիսյանն իր պրակտիկայում շատ է ունեցել, ասում է՝ նման դեպքերում ամենամեծ խնդիրը մարդկանց մտածողությունը փոխելն է, քանի որ հարազատները, նկատի ունենալով տատիկ-պապիկների տարիքը, խուսափում են որակյալ բժշկական օգնությունից և նախընտրում են դիմել ժողովրդական միջոցների, մինչդեռ նման հիվանդների դեպքում վիրահատական ցուցումը կյանքի խնդիր է:
Ռաֆայել Ավետիսյան - Շատ կարևոր է, որ հանրությունը տեղեկացված լինի, որ նման դեպքերում տնային պայմաններում միջամտություններ չանեն, այլ ընտրեն բժշկական մեթոդները, փառք Աստծո, հիմա հնարավորությունները շատ մեծ են:
Մոտ 1,5 տարի առաջ բժիշկ Ավետիսյանը հաջողությամբ վիրահատել է նաև 98 տարեկան հիվանդի: Որպես կանոն` բոլոր հիվանդների հետ կապերն առ այսօր պահպանում են, հետևում նրանց վիճակին:
Ռաֆայել Ավետիսյան - Մենք մի սովորություն ունենք, ամբողջ բաժնով հետևում ենք տատիկ-պապիկների վիճակին, բոլորն էլ շատ լավ են, դեռ ապրում են:
Իսկ Սեդա Աղաջանյանի վիրահատությունն առանձնահատուկ է նաև այն իրողությամբ, որ, ըստ բժիշկ Ավետիսյանի, Հայաստանում այդ տարիքի կոտրվածքային վիրահատություն դեռ չի իրականացվել:
Ռաֆայել Ավետիսյան - Մեր վիրահատությունը բացառիկ է նաև նրանով, որ 103 տարեկան է, ադեկվատ է, օգտագործելու ենք նորագույն տեխնոլոգիա, որը քիչ տրավմատիկ է, ու հաջորդ օրն արդեն կարող է քայլել:
Մեծ հաջողությամբ իրականացված վիրահատության հաջորդ իսկ օրը, ինչպես և խոստացել էր բժիշկ Ավետիսյանը, Սեդա տատիկը նորից սկսել է քայլել, ընդամենը 2 օրից նա արդեն ավելի վստահ կքայլի հարազատ տանը: