Տարածաշրջանի ամենամասշտաբային տեխնոլոգիական ցուցահանդեսը և համաժողովը Հայաստանում: Մարտի 10-12-ը տեղի կունենա ԴիջիԹեքի արդեն 18-րդ միջոցառումը: Կազմակերպիչների խոսքով՝ այս տարի ցուցահանդեսն առանձնանալու է իր ծավալով. կօգտագործվի մարզահամերգային համալիրի ամբողջ տարածքը։
Հայկ Չոբանյան (ԱՏՁՄ տնօրեն) - Դա հավաքատեղի է տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների համար, տեխնոլոգիական ոլորտի մարդկանց համար, կրթական ծրագրերի համար: Իմ կարծիքով՝ ցուցահանդեսի կարևորագույն մասը հենց համագործակցային հնարավորություններն են ինչպես մասնակից ընկերությունների միջև, այնպես էլ դրսի կազմակերպությունների և անհատների հետ:
Լինելու են հստակ գոտիներ՝ բուն ցուցահանդեսի տարածք, ստարտափներ, կրթական կազմակերպություններ և նախագծեր, կանաչ տեխնոլոգիաների գոտի, հովանավորների հատված։ Ավելի քան 2000 քառակուսի մետրում հավաքվելու են շուրջ 120 տեղական և միջազգային, փորձառու և սկսնակ ընկերություններ: Սպասում են 80000-ից ավելի այցելուների։ ԱՄՆ-ի, եվրոպական երկրների, Ռուսաստանի տեխնոհամույթներից բացի այս տարի մասնակցելու են արաբական և աֆրիկյան երկրների ընկերություններ: Առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ համաժողովը ցուցահանդեսին զուգահեռ է անցկացվելու: Խոսնակների թվում են տեխնոլոգիական, ակադեմիական, կրթական ոլորտների հայ և արտասահմանցի մասնագետներ, Հայաստանի և այլ պետությունների կառավարությունների ներկայացուցիչներ:
Րաֆֆի Քասարջյան (ԴիջիԹեք համաժողովի նախագահ) - Մեկ ամբողջ օր հատկացվելու է տարբեր պանելային զրույցներին, իսկ երկրորդ օրը նեթվորքինգի հնարավորություն կլինի, տարբեր ընկերություններ կհանդիպեն իրար, ստարտափները հնարավորություն կունենան ֆինանսավորողների հետ հանդիպել:
Նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են: Կազմակերպիչները նշում են՝ նման միջոցառումները նպաստում են, որ Հայաստանն աշխարհին ներկայանա որպես ՏՏ ոլորտում լուրջ հաջողությունների հասած երկիր:
Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան