ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐԸ
Վրաստանում առաջին ընթերցմամբ ընդունված օտարերկրյա գործակալների մասին օրինագծի դեմ բազմահազարանոց ցույցերը 2 օր է՝ չեն դադարում, ակցիայի մասնակիցների թիվն ավելանում է: Ցուցարարները հավաքվում են խորհրդարանի շենքի դիմաց, պահանջում են չեղարկել նախագիծը, որով առաջարկվում է ստեղծել ռեեստր այն հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների և սուբյեկտների համար, որոնք ֆինանսավորման ավելի քան 20 տոկոսը ստանում են արտերկրից: Քաղաքացիները նաև պահանջում են իշխանություններից՝ չգնալ Ռուսաստանի իշխանությունների հետքերով և չշեղել Վրաստանին եվրաինտեգրման ճանապարհից:
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամները կողմ են նախագծին: Կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ օրենքի նախագիծն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողովին:
«Մի քանի ամսից օրինագծի վերաբերյալ կարծիք կստանանք, և միայն դրանից հետո կշարունակվի քննարկումը խորհրդարանում: Պնդումները, թե օրենքը բացասաբար կանդրադառնա ԵՄ-ում թեկնածուի կարգավիճակ ստանալու գործընթացի վրա, սպեկուլյատիվ է»,- ասել է պաշտոնյան:
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին էլ հայտարարել է, որ ակցիայի մասնակիցների կողքին է և մտադիր է վետո դնել օրինագծի վրա։
Թբիլիսիի կենտրոնում երթևեկությունը կաթվածահար է, սակայն այսօր ակցիան խաղաղ է ընթանում, մինչդեռ երեկ ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են եղել:
Հատուկ նշանակության ուժերը ջրցան մեքենաներ, ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ են կիրառել: Քաղաքացիներն էլ մոլոտովի կոկտեյլ են նետել իրավապահների ուղղությամբ: Կան տասնյակ ձերբակալվածներ, այդ թվում՝ քաղաքական գործիչներ:
ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԻՐԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Անկարայում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Դիվանագետները քննարկել են միջազգային և տարածաշրջանային զարգացումները, Թեհրան-Անկարա երկկողմ հարաբերությունները։
Աբդոլլահիանը նշել է, որ Իրանն ու Թուրքիան սերտորեն գործակցում են ահաբեկչության դեմ պայքարում:
«Մենք գիտակցում ենք, որ Թուրքիայի անվտանգությունը Իրանի անվտանգությունն է»,- ասել է իրանցի դիվանագետը։
Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել Թեհրանին՝ երկրաշարժից հետո Թուրքիային ցուցաբերած աջակցության համար։ Նա նշել է, որ Անկարան ձգտում է ընդլայնել հարաբերությունները Իրանի հետ, մասնավորապես՝ էներգետիկայի ոլորտում։ Թուրքիայի արտգործնախարարը նաև հայտնել է, որ մոտ ժամանակներս կայցելի Իրան, իսկ հաջորդ շաբաթ Մոսկվայում կկայանա Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի ԱԳ նախարարների հանդիպումը:
Կողմերը կքննարկեն Անկարայի և Դամասկոսի միջև տարաձայնությունները լուծելու եղանակները:
ԲԱՔՎՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԼԱՏՎԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ
Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի և Լատվիայի նախագահների հանդիպումը, օրակարգում են եղել միջազգային և տարածաշրջանային իրադարձությունները: Ալիևը հայտարարել է՝ Բաքուն հուսով է, որ Երևանը դրական կարձագանքի խաղաղության համաձայնագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներին։ Նա հավելել է՝ հնարավոր փաստաթղթի շուրջ աշխատանքները շարունակվում են:
Խոսելով Լատվիա-Ադրբեջան հարաբերությունների մասին՝ Իլհամ Ալիևը նշել է, որ երկու երկրները ռազմավարական գործընկերներ են: Նա հույս է հայտնել, որ Ադրբեջանը, բացի նավթից, բնական գազից և նավթաքիմիական արտադրանքից, մոտ ժամանակում նաև կանաչ էլեկտրաէներգիա կմատակարարի Եվրոպա։
Էգիլս Լևիցն էլ անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը, պնդել՝ պատերազմը սպառնում է Եվրոպայի անվտանգությանը: Նա շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ Կիևին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:
ԲԱԽՄՈՒՏԸ ՇՈՒՏՈՎ ԿԱՐՈՂ Է ԱՆՑՆԵԼ ՌԴ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆԸ. ՍՏՈԼՏԵՆԲԵՐԳ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը դաշինքի անդամ երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում հայտարարել է, որ Բախմուտ քաղաքը մոտ ապագայում կարող է անցնել Ռուսաստանի վերահսկողության տակ՝ չնայած այնտեղ ռուսական կողմի զգալի կորուստներին։
«Դա գուցեև շրջադարձային դեր չխաղա, բայց նման հեռանկարը ևս մեկ անգամ հաստատում է Ուկրաինային հրատապ օգնության անհրաժեշտությունը»,- ասել է Ստոլտենբերգը:
Ավելի վաղ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը տեղեկացրել էր, որ ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Բախմուտի արևելյան հատվածի նկատմամբ: ՌԴ պաշտպանության նախարարն էլ նշել էր, որ Բախմուտը Դոնբասում ուկրաինական զորքերի պաշտպանության կարևոր հանգույց է և հետագայում թույլ կտա հարձակողական գործողություններ սկսել Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանության խորքում:
Ուկրաինական կողմը վստահեցնում է՝ շարունակելու են ամրապնդել Բախմուտի դիրքերը և պաշտպանական գործողություններ իրականացնել։