ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Նեդ Փրայսը շուտով կլքի իր պաշտոնը։ Այս մասին գրում է NBC-ն:
Լրագրողների համար ամենօրյա ճեպազրույցներով հայտնի Փրայսը քաղաքական պաշտոն կստանա՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ենթակայության ներքո։ Նշվում է, որ դա տեղի կունենա մարտի 17-ին։ Փրայսի տեղակալ Վեդանտ Պատելը ժամանակավորապես կզբաղեցնի մամուլի խոսնակի պաշտոնը:
Բլինքենն արդեն հաստատել է պետքարտուղարության խոսնակի փոփոխությունը։ Նա ընդգծել է, որ Փրայսը «վերականգնել է պետքարտուղարության մամուլի ամենօրյա ճեպազրույցների պրակտիկան՝ լրագրողներին հնարավորություն տալով պարբերաբար առաջ քաշել ամենասուր հարցերը»։ Փրայսը պաշտոնավարում է 2021 թվականի հունվարի 20-ից։ Այս ընթացքում նա անցկացրել է ավելի քան 200 ճեպազրույց։
«Ամերիկայի և ամբողջ աշխարհի մարդկանց համար Նեդ Փրայսը հաճախ դարձել է ԱՄՆ արտաքին քաղաքականության դեմքն ու ձայնը»,- եզրափակել է Բլինքենը: