Հաշվի առնելով ստեղծված վիճակը և տնտեսական շրջափակման հետևանքով շուկայում իրացվող ապրանքատեսակների սղությունն ու գնագոյացման հետ կապված խնդիրները, տնտեսվարող սուբյեկտների կողմից չարաշահման դեպքերը՝ 07․03․2023 թ․ Արցախի կողմից ընդունվել է ապրանքների շրջանառության հատուկ կարգ, որն ուժի մեջ մտնելուց հետո տնտեսվարող սուբյեկտները պետք է նախապես Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովին ներկայացնեն այն ապրանքների ցանկը, որոնք նախատեսում են իրացնել, հանձնաժողովը դրանց համար սահմանելու է շուկայում իրացման առավելագույն գին, որը խախտելու դեպքում տնտեսվարող սուբյեկտները ենթարկվելու են վարչական տույժի՝ 500․000-1․000․000 դրամի չափով։ Այդ մասին ասված է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի Ֆեյսբուքի էջում:
«Գործընթացի նկատմամբ վերահսկողություն է իրականացվելու տեղական ինքնակառավարման մարմինների, վարչակազմերի ղեկավարների, Պետական եկամուտների կոմիտեի, Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի և Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից։
Այսօր և վաղը կկազմակերպվի տնտեսվարող սուբյեկտներին իրազեկելու գործընթացը, որից հետո Կառավարության կողմից սահմանված կարգը կիրառության մեջ կմտնի»,- նշված է գրառման մեջ։