Մեր երկրում այսօր ավելի ու ավելի հաճախ են կանայք ստանձնում դերակատարումներ, պատասխանատվություններ ու պաշտոններ, որոնք աննախադեպ են Հայաստանի պատմության համար, և մեր հանրությունը պիտի քաջալերի այս գործընթացը: Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ հղած ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտում է՝ կանանց հսկայական պոտենցիալն օգտագործելը մեր երկրի զարգացման գրավականն է: Վարչապետը շնորհավորանքը սկսում է որդեկորույս մայրերի առաջ գլուխ խոնարհելով:
«Այսօր մենք նախ գլուխ ենք խոնարհում մեր բազմաթիվ որդեկորույս մայրերի առաջ, որոնց որդիներն իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի: Նրանցից շատերը նոր կյանք ու հույս են տալիս բոլորիս, սուգը հաղթահարելով՝ մայրության բերկրանքը կրկին ապրելու և իրենց նահատակված զավակներին այսպիսով հարություն տալու միջոցով: Մենք գլուխ ենք խոնարհում պատերազմում այրիացած մեր այն կանանց առաջ, որոնք իրենց ուսերին են պահում գլխատված ընտանիքների հոգսի ծանրությունը և իրենց զավակներին կոչում են ապրելու, կրթվելու, հաղթահարելու բոլոր դժվարությունները ու հաղթելու ճակատագրի մարտերում: Այսօր մենք գլուխ ենք խոնարհում այն կանանց առաջ, որոնք ամուր թիկունք ու ապավեն են զինված ուժերում ծառայող իրենց ամուսիններին, որոնք երկրի, պետության անվտանգության պատասխանատվությունն են կրում»:
Կանանց միջազգային օրն այն մասին չէ, որ կանայք փխրուն են ու խոցելի: Կանանց միջազգային օրն այն մասին է, որ կանայք կարող են ավելին՝ ընդգծել է վարչապետը:
Այս տոնը մեր հանրությունը նշում է յուրօրինակ ջերմությամբ և գնահատանքով, ինչը վկայում է կանանց անգնահատելի դերի ու ներդրման մասին: Կանանց միջազգային օրվա առթիվ նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում մաղթանքն է՝ ունենալ ընտանեկան երջանկություն, չխամրող գեղեցկություն:
«Կանանց միջազգային օրը բոլորիս համար առիթ է, որպեսզի մենք հաստատենք մեր պատրաստակամությունը՝ կերտել հավասար իրավունքների և հնարավորությունների հասարակություն: Այս ճանապարհին մեր երկրում դեռ շատ անելիքներ կան, և մեր խնդիրն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ կդրսևորվեն ձեր բոլոր կարողություններն ու գիտելիքները: Ի սրտե ցանկանում ու մաղթում եմ ձեզ առավել ակտիվ մասնակցություն ունենալ մեր երկրի հասարակական, քաղաքական ու մշակութային կյանքի անցուդարձերում, որովհետև ձեր ներկայությամբ արդեն ցանկացած միջավայր դուք դարձնում եք առավել հանդուրժող, կառուցողական ու ստեղծարար»:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձում էլ կարդում ենք. Մարտի 8-ն արմատավորված է որպես կանանց տոների միամսյակի մեկնարկ, ինչը կնոջ անգնահատելի դերի, մեծագույն հարգանքի և սիրո ապացույցն է:
«Խոնարհում և հարգանք որդեկորույս մայրերին. ձեր ավանդը մեր հայրենիքին անուրանալի է: Ամենաջերմ մաղթանքներս զինվորների մայրերին, կանանց, դուստրերին, առանձնահատուկ ակնածանքի խոսքեր հայրենիքի պաշտպանությանը ծառայող մեր քույրերին: Սիրելի՛ կանայք, շնորհակալություն ձեզ բոլոր ոլորտներում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի ու նվաճումների համար, ներելու և նվիրվելու բացառիկ տաղանդի, ոգեշնչման աղբյուր լինելու համար»:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայրապետական աղոթքով ու մաղթանքով շնորհավորել է Ամենայն հայոց կաթողիկոսը, նշել. այսօր ամենքիս պարտքն է անխոնջ աշխատանքով ապահովել մեր երկրի անվտանգ ու խաղաղ ապագան, միասնական ոգով աջակից լինել Արցախում շրջափակման մեջ գտնվող մեր ժողովրդին:
«Սիրելի՛ մայրեր և քույրեր, ընտանիքին ու հայրենիքին ձեր նվիրումով են պահպանվում և սերնդեսերունդ փոխանցվում մեր ազգային ավանդույթները, ձեր հոգատար դաստիարակությամբ են հասակ առնում ազգի և եկեղեցու արժանավոր զավակները, որոնք մեր պատմության վճռորոշ հանգրվաններում իրենց սխրանքներով ու անձնազոհությամբ հերոսանում են հայրենյաց պաշտպանության սրբազան առաքելության մեջ»։
Մարտի 8-ի բոլոր ուղերձներում հստակ մատնանշվում է կանանց, մայրերի կարևոր դերը հանրության համար նաև՝ երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում: