Օրը տոնական է, հյուրերը՝ բացառապես կանայք: Մարտի 8-ի կապակցությամբ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողով անցկացվեց: Ներկաները նախ հոտնկայս հարգեցին հայրենիքը պաշտպանելու ժամանակ իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակը:
Աննա Հակոբյան (ՀՀ վարչապետի տիկին) - Ձեր կյանքի գինը ծաղկուն, զարգացած, հարուստ, բարեկեցիկ ուժեղ պետությունն է՝ երջանիկ քաղաքացիներով: Եվ մենք ամեն օր մեր աշխատանքով կառուցում ենք այդ պետությունը:
Բացման խոսքում Աննա Հակոբյանը ներկայացրեց իր համոզմունքը՝ կանանց պետք են հնարավորություններ իրենց և իրենց միջավայրը ավելի լավը, անվտանգ, գեղեցիկ ու երջանիկ դարձնելու համար: Հնարավորություններ են պետք երջանիկ լինելու և երջանկացնելու համար:
Աննա Հակոբյան - Դարերով մեզ սովորեցրել են, որ հայ կնոջ դերը լավ երեխա դաստիարակելն է, ընտանիքի, գերդաստանի համար լավ հարս լինելը, հայրենիքի համար հերոսներ ծնելը: Դարերով հայ կինը հավատարիմ է մնացել իրեն սերնդեսերունդ փոխանցվող այս պատգամին, բայց ուղղեք ինձ, եթե ես սխալվում եմ. ես երջանիկ հայ կնոջ այդպես էլ չեմ հանդիպել: Չեմ հանդիպել ո՛չ իմ հարազատների շրջանում, ո՛չ հարևանների, ո՛չ բարեկամների, և ոչ էլ գրականության մեջ: Իմ ճանաչած կանանց մեծամասնությունը հարյուր տոկոսով համապատասխանել է այդ դարավոր բանաձևին՝ երեխա, ընտանիք, լավ կին, լավ հարս: Նրանք այդ դերը սրբորեն կատարել են, բայց դա նրանց չի երջանկացրել: Իսկ բոլոր այն կանայք, ովքեր փորձել են դուրս գալ այս բանաձևից և որևէ այլ բանով էլ զբաղվել, գուցե և մոտ են եղել երջանկության, բայց այդ դեպքում էլ միջավայրը նրանց դա թույլ չի տվել. նրանց պիտակավորել են, անվանարկել:
Այս հարցին անդրադառնալու կարիք չէր լինի, եթե այդ ամենով հանդերձ պետությունը հզորանար, հարստանար և հաղթանակեր՝ շարունակեց վարչապետի տիկինը: Այս համատեքստում Աննա Հակոբյանը շեշտեց, որ ցանկացած կին պարտավոր է փոխել իր պատկերացումները հայ կնոջ տեղի ու դերի մասին: Իսկ խոչընդոտները հաղթահարելի են, երբ մարդ երջանիկ է՝ պնդեց վարչապետի տիկինը:
Աննա Հակոբյան - Ինձ համար երջանկությունը սիրո զգացողությունն է: Զգացողություն, որի շուրջ կառուցվում է ամեն ինչ: Երջանկությունն այդ սերը կրելն է, ուրիշներին տալն ու ուրիշներից ստանալն է: Իսկ Սերը կենդանի երևույթ է, դա բոլորը գիտեն: Պետք է նրան մշտապես խնամել, աճեցնել, այլապես կցամաքի, կմահանա: Բայց այդ նույն հայ կինը կարող է իր սերն ու հոգատարությունը ընտանիքի անդամներից բացի տարածել հարյուրավոր, հազարավոր այլ մարդկանց վրա:
Ըստ Աննա Հակոբյանի` նման օրինակները շատ են: Ոստիկանի սերն արտահայտվում է հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը պահպանելով, բժշկինը՝ հազարավոր մարդկանց բուժելով, դատավորինը՝ արդար որոշումներ կայացնելով, իսկ զինվորականինը՝ հայրենիքի սահմանները անառիկ պահելով:
Աննա Հակոբյան - Ես չեմ հիշում մի տևական ժամանակաշրջան, որ մեր պետությունը և այնտեղ ապրող մարդիկ երջանիկ լինեին: Թերևս երջանկության մոլեկուլները մի կարճ ժամանակահատված մեր մթնոլորտում պար էին բռնել 2018 թվականի հեղափոխությունից հետո միայն: Հեղափոխություն, որ հնարավոր եղավ իրականացնել, որովհետև կանայք տղամարդկանց հետ հավասար մասնակցեցին դրան: Ուժեղ և երջանիկ պետություն էլ հնարավոր կլինի կառուցել միմիայն այն դեպքում, երբ հայ կանայք տղամարդկանց հետ հավասար մասնակցեն դրան: Մենք պարտավոր ենք անվերադարձ դեն նետել վեհ ու տառապյալ հայ կնոջ կերպարը: Չափազանց թանկ է նստում այն մեզ վրա: Մենք պարտավոր ենք երջանիկ լինել և երջանկություն բերել:
Համաժողովին մասնակցում էին տարբեր ոլորտներում պատասխանատու պաշտոններ զբաղեցնող կամ զբաղեցրած կանայք: Գլխավոր դատախազը ելույթում ներկայացրեց կնոջ իր իդեալը:
Աննա Վարդապետյան (ՀՀ գլխավոր դատախազ) - Խելացի լինելը կնոջ ընտրությունն է, այն շնորհ չէ:
Պետությունն ու հասարակությունը կանանց համար հավասար պայմաններ պետք է ապահովեն, իսկ կինն ինքը կորոշի իր տեղն ու դերը՝ հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Իսկ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը խոսեց խաղաղաշինության ու անվտանգության գործում կանանց մասնակցության մասին: Շեշտեց՝ դա ոչ թե գենդերային հավասարության, այլ ազգային ու անգամ գլոբալ անվտանգության հարց է:
Քրիստիննե Գրիգորյան (Մարդու իրավունքների նախկին պաշտպան) - ՀՀ-ում անվտանգության հարցերով կարևորագույն որոշումներ կայացնող մարմինների կազմերում՝ ԱԽ մասին է խոսքը, անկախ տարբեր ժամանակահատվածում դրանց անուններից ու սահմանադրաիրավական կարգավիճակներից, երբևէ կին չի եղել առայսօր: Որքան կարելի է բնակչության ուղիղ կեսի իմաստնության ու ինտելեկտի վրա հիմնել ամբողջ բնակչության անվտանգությունն ու խաղաղությունը: Կարծում եմ` սա անթույլատրելի ճոխություն է: Մյուս կողմից, մենք՝ կանայքս, պետք է իրոք փոխենք մեր մոտեցումը, ցանկացած խոչընդոտ փայլուն հնարավորություն է:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ելույթի առանցքում հավասար աշխատանքային իրավունքի հարցն էր: Անդրեասյանի դիտարկմամբ՝ այստեղ դեռ կարծրատիպերը շատ են:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ նախարար) - Տարիներ առաջ, երբ մարզերից մեկում բացել են կենտրոնը, տեղի համակարգողն ասել է` եկեք տարբեր աշխատանքային ռեժիմ սահմանենք տղաների և աղջիկների համար, և աղջիկների աշխատանքը պլանավորենք օրվա առաջին կեսին, որ ուշ տուն չգնա, չի կարելի: Ցանցի տնօրենը չի զիջել և ասել է` եթե կարիքը կա, տաքսիով տուն կուղարկենք, չենք փոխելու աշխատանքի ռեժիմը, և այդպես էլ արել է: Մինչև այս պահն ունեն այն ընկալումն ու հասկացումը, որ որևէ տարօրինակ բան չկա, որ օրվա աշխատանքային ժամերը կանանց և տղամարդկանց համար չեն տարբերվում, ու այնքան կարևոր է չզիջել այն, ինչը զիջելու կարիք չունի, փոխելու կարիք ունի:
Էջմիածնի համայնքապետն էլ ևս մեկ խնդրի մասին խոսեց՝ կանայք ավելի կոպիտ ու կոշտ քննադատության են արժանանում հենց կանանց կողմից։
Ելույթներից հետո 5 պանելային քննարկում անցկացվեց. իրավապահ, ուժային, առողջապահական համակարգերի, գործարար հատվածի ներկայացուցիչները պատմեցին իրենց հաջողության պատմությունն ու այդ ճանապարհին հանդիպած խոչընդոտները: Բոլորը համակարծիք են՝ յուրաքանչյուր գործ շահում է, երբ կանանց ու տղամարդկանց կարողությունները համատեղվում են: