Լաչինի միջանցքով երկկողմանի երթևեկությունը հարկավոր է վերականգնել՝ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Նա պնդել է՝ Ղարաբաղի հայությունը պետք է կարողանա անվտանգ տեղաշարժվել: ԵՄ հատուկ ներկայացուցիչը անդրադարձել է նաև Մյունխենում Ալիևի ներկայացրած առաջարկին, այն է՝ անցակետեր ստեղծել Լաչինի միջանցքում և այսպես կոչված Զանգեզուրի միջանցքում: Պաշտոնական Երևանի համար Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի գաղափարը բացարձակ անընդունելի է:
Տոյվո Կլաար (Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ) - Հայաստանի դիրքորոշումը, կարծում եմ, ճիշտ է, որ Լաչինն ու Զանգեզուրը երկու առանձին խնդիրներ են։ Լաչինի միջանցքի հարցն արտացոլված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կետերից մեկում: Միևնույն ժամանակ կա Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապի հարցը, որն արտացոլված է այդ նույն հայտարարության մեկ այլ կետում։
Միևնույն ժամանակ Տոյվո Կլաարը ընդգծել է՝ Լաչինի միջանցքով փոխադրումների թափանցիկության ապահովման հարցը լիովին օրինաչափ է: «Կարծում եմ՝ դա անելու մի քանի եղանակ կա: Օրինակ՝ անցակետում ունենալ տեխնիկական միջոցներ, որպեսզի ռուսները կարողանան ավելի լավ վերահսկել երթևեկությունը տարածքում»,- մանրամասնել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը:
ԿԼԱԱՐԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ԵՄ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ
Կլաարն անդրադարձել է նաև Հայաստանի տարածքում՝ Ադրբեջանի հետ սահմանին, Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայմանը: Նա շեշտել է՝ եվրոպական կողմը Հայաստան առաքելություն ուղարկելու մասին տեղեկացրել է Ադրբեջանի իշխանություններին:
Տոյվո Կլաար - Տեղեկացրել ենք, բայց չենք համաձայնեցրել այդ հարցը Բաքվի հետ, քանի որ առաքելությունը, վերջիվերջո, գտնվում է հենց Հայաստանի տարածքում: Առաքելության նպատակն է վստահության մթնոլորտ ձևավորել հայ-ադրբեջանական սահմանին, սահմանամերձ հայկական համայնքներում, նպաստել և արագացնել խաղաղության գործընթացը:
Կլաարը հավատացրել է՝ Հայաստանում եվրոպական առաքելություն տեղակայելը աշխարհաքաղաքական խաղ չէ։ Նա հույս է հայտնել, որ Մոսկվան կհասկանա Բրյուսելի դիրքորոշումը, ինչի արդյունքում հնարավոր կլինի համատեղել Հարավային Կովկասում կայունության հաստատմանն ուղղված ջանքերը:
Տոյվո Կլաար - Խաղաղության հաստատման գործընթացում Բրյուսելը երբեք չի ձգտել մրցակցել Մոսկվայի հետ: Եվրամիության միակ շահը տարածաշրջանում խաղաղությունն ու բարգավաճումն է: Շառլ Միշելի կարծիքով՝ իսկապես կարևոր է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պարբերաբար հանդիպեն և աշխատեն առանցքային հարցերի շուրջ: Նա իսկապես ցանկանում է, որ առաջնորդները շատ մոտ ապագայում կրկին գան Բրյուսել:
ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԺԱՄԱՆԱԿ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ. ԿԼԱԱՐ
Կլաարը նաև տեղեկացրել է, որ ոչ պարբերաբար, սակայն շփվում է ռուսական կողմի հետ, օրինակ՝ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հետ և հանդիպել ՌԴ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։
Տոյվո Կլաարը հաստատել է, որ Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են հարաբերությունների կարգավորման ճանապարհով, սակայն այդ գործընթացը ժամանակ է պահանջում՝ հաշվի առնելով կողմերի միջև շուրջ 30 տարվա պատմություն ունեցող հակամարտությունը:
Տոյվո Կլաար - Կարևորն այն է, որ Երևանի և Բաքվի ղեկավարությունները քաղաքական կամք են դրսևորում՝ հաղթահարելու հակամարտությունը: Վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը հավատարիմ են այդ գործընթացին: Պատրաստ են հանդիպելու, պայմանավորվածություններ ձեռք բերելու:
ԵՄ հատուկ ներկայացուցիչը հավելել է, որ Հայաստան-Ադրբեջան կարգավորման համատեքստում ԵՄ-ն, բացի ամենաբարձր մակարդակով շփումներից, արդեն մի քանի տարի է՝ աշխատում է նաև երկու երկրի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների հետ: Կլաարը պնդել է՝ հարկավոր է ցույց տալ, որ ռազմական գործողությունների դարաշրջանն ավարտվել է, և Եվրամիությունը ջանքեր է գործադրում՝ կառուցելու գործընկերության և բարեկամության նոր դարաշրջան: