Մեկ հպում, և դուք անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգում եք:
Սա հաշմանդամության սահմանման նոր հարթակ է, քաղաքացին այլևս փաստաթղթերը ձեռքին տարբեր գերատեսչություններ դիմելու խնդիր չի ունենա: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատվերով «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնը գործարկել է e-Disibility համակարգը, որով այս տարվա փետրվարի 1-ից հաշմանդամության սահմանման համար առաջին անգամ դիմող քաղաքացիներն անցնում են ֆունկցիոնալության գնահատում՝ ներկայում գործող բժշկասոցիալական փորձաքննության փոխարեն:
Անահիտ Պարզյան («Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն) - Քաղաքացին դիմումը լրացնում է օնլայն, լրացնում է ինքնագնահատման թերթիկ, որից հետո իր տեղեկատվությունը փոխանակվում է այլ գերատեսչությունների հետ, և դիմումն ընդունվում է:
Դիմումից որոշում օնլայն հինգ քայլ է. եթե բոլոր դաշտերը լրացված են, համակարգն ինքնուրույն ձևավորում է բժշկական հանձնաժողովը: Ամենաուշը 7 օրում քաղաքացին ծանուցվում է հանձնաժողովի նիստի օրվա, ժամի, վայրի մասին:
Անահիտ Պարզյան - Ամփոփագիրը, որը մշակվում է քաղաքացու համար, իրականացվում է ավտոմատ ընտրելու հանձնաժողովին և ապահովում է հանձնաժողովի անաչառությունը: Ինքնաշխատ է ձևավորվում հանձնաժողովը, ինքնաշխատ է ձևավորվում ամփոփագիր մշակող մասնագետի ընտրությունը, և անհատով պայմանավորված ոչինչ չի իրականացվում, և, փաստորեն, համակարգը քննում է գործը, ոչ թե անհատին:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բազմաթիվ դիմում-բողոքներ էր ստացել, որ հանձնաժողովները նախկինում կանխակալ որոշումներ են կայացրել: Համակարգի գործարկումը բացառում է բոլոր հնարավոր չարաշահումները, անձով պայմանավորված սխալները կամ խնամի, ծանոթ, բարեկամի գործոնը:
Անահիտ Պարզյան - Որից հետո արդեն բժիշկը, հաշվի առնելով այս բոլոր տվյալները, որոշում է փորձաքննության տեսակը, այստեղ ոչ մի մասնագետ այլ բան չեն կարող մուտքագրել: Տվյալ քաղաքացին, եթե, օրինակ՝ Սյունիքից է, ապա հանձնաժողովը ձևավորվում է Սյունիքից դիմած բժիշկներից:
Փետրվարի 1-ից ուժի մեջ մտած բարեփոխումներից է նաև, որ այսուհետև առաջին անգամ հաշմանդամության համար դիմող անձը չի գնահատվելու որպես առաջին, երկրորդ կամ երրորդ խմբի հաշմանդամ, գնահատվելու է նրա ֆունկցիոնալությունը՝ թեթև, միջին, խոր, ծանր կամ հաշմանդամություն չունի կատեգորիաները:
Արեն Զոմորոդյան («Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի փոխտնօրեն) - Եվ նաև ծառայություններ են լինելու, որոնք որ որոշակի հատված լինելու ա պետության հաշվին և կամ քաղաքացու հաշվին, ծրագրից քաղաքացին կիրազեկվի՝ ինչ ծառայություններից կարող է օգտվել:
Անահիտ Պարզյան - Այն քաղաքացիները, որոնք ունեն որոշակի հաշմանդամության կարգ, բայց ամբողջությամբ գնահատված չէ, այս համակարգի միջոցով հնարավոր է առաջարկել բոլոր ծառայությունները, որոնք պետությունը տրամադրում է քաղաքացուն:
Սա պիլոտային ծրագիր է. այս տարի առաջին անգամ հաշմանդամության սահմանման համար e-Disibility համակարգից կօգտվի 17.000, 2024-ին արդեն՝ մոտ 50.000 քաղաքացի: Հաջորդ տարվանից նախատեսվում է հաշմանդամություն ունեցողների փորձաքննություն: