Վաշինգտոնը երկարատև և հավասարակշռված խաղաղության հասնելու համար այլ ճանապարհ չի տեսնում, քան Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ սերտ համագործակցությունը: «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարել է կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոն, հավելելով, որ մարտի 5-ին Արցախում տեղի ունեցած ողբերգությունը ևս մեկ անգամ հաստատում է՝ հարկավոր է վերջ դնել հակամարտությանը:
Լուիս Բոնո (կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ) - Այս գործընթացում մեր դերը միջնորդությունը չէ, մենք այստեղ չենք ձևակերպումներ պարտադրելու, կողմերից որևէ մեկի վզին պայմաններ փաթաթելու համար: Այն, ինչ մենք փորձում ենք անել, խաղաղությունը հեշտացնելն է, նկատի ունեմ, որ մենք ուզում ենք՝ կողմերն իրենք մշակեն տեքստն ու պայմանները ու միասին ընդունեն դրանք: Նրանք պետք է դրա վրա միասին աշխատեն, որովհետև ցանկացած երկարատև, կայուն և հավասարակշռված խաղաղություն պետք է կողմերից գա, այն չի կարող գալ երրորդ կողմից:
Ըստ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի՝ երկարատև և հավասարակշռված խաղաղության պայմանագիր ունենալու համար այն պետք է ներառի Լեռնային Ղարաբաղը: Սակայն մեխանիզմների մասին Լուիս Բոնոն հայտնեց, որ լիազորված չէ խոսելու:
Լուիս Բոնո - Նախևառաջ Լեռնային Ղարաբաղը կլինի խաղաղ գործընթացի մի մասը, կարծում եմ, որ երկու կողմերն էլ դա ճանաչել են: Կարևոր է, որ կողմերն իրենք համաձայնության գան, իսկ մենք կաշխատենք երկու կողմերի հետ: Նախագահ Ալիևը Մյունխենում ասել է, որ ինչ-որ մեկին կնշանակի, որ կգործակցի Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, կարծում եմ՝ դա արդեն տեղի է ունեցել անցած շաբաթ, և ինձ հետ զրույցի ընթացքում նա նշեց, որ պատրաստ է շարունակելու այդ քննարկումները: Այնպես որ, մենք լավատես ենք, որ կարող ենք կողմերի հետ աշխատել այդ ուղղությամբ, բայց դա հեշտ չի լինելու, այն բոլոր կողմերից կպահանջի շատ ծանր աշխատանք և հանձնառություն:
ԱՄՆ համանախագահն անդրադարձավ նաև այս հարցով Ռուսաստանի հետ համագործակցությանը՝ նշելով՝ պատրաստ են աշխատել ցանկացած կողմի և բոլորի հետ, որոնք հետամուտ են առաջ տանելու այս գործընթացը:
Լուիս Բոնո - Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին գտնելու այս հակամարտության լուծումը, մենք պետք է այս հակամարտությանը վերջ դնենք, ահա թե ինչու եմ ես այստեղ: Այս տարածաշրջանում մենք ավելի լայն օրակարգ չունենք, դա միայն խաղաղությունը խթանելն է: Այս հակամարտությունը շատ երկար տևեց, շատ մարդիկ են տուժել, շատ մարդիկ են զոհվել, այն պետք է ավարտվի:
ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱԿԱՌԱԿ ԱՐԴՅՈՒՆՔԸ ԿՏԱՆ. ԲՈՆՈ
Անդրադառնալով Լաչինի միջանցքի փակ լինելուն՝ Լուիս Բոնոն հիշեցրել է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հայտարարությունը, որ միջանցքը պետք է բաց լինի, և իրենք շարունակում են առաջ տանել այդ հարցը: Արդյոք Վաշինգտոնը դիտարկո՞ւմ է ճանապարհը չբացելու համար Բաքվի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը հարցին ամերիկացի համանախագահը բացասական է արձագանքել:
Լուիս Բոնո - Հիմա պատժամիջոցների ժամանակը չէ, ես այստեղ եմ երկու կողմի հետ աշխատելու, նրանց խաղաղության տանելու համար: Պատժամիջոցները հակառակ արդյունքը կտան, դա նույնիսկ չի էլ քննարկվում այս պահին:
Երևանում և Բաքվում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներով Լուիս Բոնոն Վաշինգտոնում արդեն կզեկուցի՝ անհրաժեշտ է փոխվստահություն, հեշտ գործընթաց չէ, սակայն կան հեռանկարներ խաղաղության համար:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան