2022-ին Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնում աշխատանք փնտրող քաղաքացիների թիվը կազմել է 14․500, որոնցից գործազուրկի կարգավիճակ ունի 9400 քաղաքացի։ 2023 թ. սկզբում բազաները թարմացվել են, թվերը մինչև տարեվերջ կփոխվեն։ Այդուամենայնիվ, գործազուրկ քաղաքացիներին Հայաստանի երկրորդ քաղաքում այսօր էլ հազարներով են հաշվում։
Սարիկ Մինասյան (ՄՍԾ Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն) - Հիմա 114 հայտ ունենք, անընդհատ թարմացվում է։ Պահանջվածը սպասարկման ոլորտի, բանվոր, հավաքարարներ, կարի ֆաբրիկաներում աշխատողների կարիք կա, տուրիզմի ոլորտում մատուցողներ, խանութները, հյուրանոցները և նորմալ վարձատրություն ներկայացրել են` առնվազն աշխատավարձի կրկնապատիկը։
Փնտրողների մասը դժհոհ է, որ գործ չկա, իսկ գործատուն դժգոհ է, որ աշխատող չկա։ Պատճառները տարբեր են։ Շատ դեպքերում գործազուրկ մնալը նախընտրելի է, ասում է Մինասյանը։
Սարիկ Մինասյան - Քանի որ ընտանեկան անապահովության նպաստի համակարգում հաշվառված ընտանիքների համար գործազրկությունը տալիս է կարգավիճակ, բալային համակարգում բարձրանում են բալերը, հիմնականում, եթե չսխալվեմ, 90 տոկոսը հաշվառվել են, որ ձեռք բերեն կարգավիճակ և օգտվեն պետական սոցաջակցությունից։
Սուսաննա Աստոյան («Լենտեքս» ՍՊԸ գլխավոր ինժեներ) - Խուսափում են, որոնք իրենք ուղարկում են, խուսափում են աշխատելուց, ասում են` վիրահատվել են, առողջական խնդիր է, այս անգամ չաշխատեն, մյուս անգամ կաշխատեն, ու զրուցելիս հասկանում ես, որ ավելի ձեռնտու է` մնան նպաստառու, որովհետև բացի գումարային փոխհատուցումից, կան նաև արտոնություններ, խուսափում են, դրա համար ցավով եմ ասում։
Սովորաբար 7-8 գործազուրկից մեկն է, որ համաձայնում է անցնել վերապատրաստման կուրսեր, փորձաշրջան: Գյումրու «Լենտեքս» կարի արտադրամասը մշտապես գործակցել է տարածքային կենտրոնի հետ, կարողի, գործողի, ձևողի, բանվորի և այլ հաստիքները համալրելու համար։
Սուսաննա Աստոյան - Միջին մասնագիտական ուսումնական հաստատություները պիտի ունենան բաժիններ, կարողանան պատրաստել այն մասնագետները, որոնք արտադրությանը պետք են։ Այն կազմակերպությունները, որ պոտենցիալ ունեն, կաճեն, ճիշտ կլինի` միջին մասնագիտականները աշխատեն, համագործակցեն այդ ընկերությունների հետ, պատրաստեն մասնագետ` ըստ պահանջի։
Միասնական սոցիալական ծառայության Գյումրու կենտրոնի տնօրենը հավելում է՝ պետք է մտածել նաև, այսպես ասած, «մեռնող» մասնագիտությունները զարգացնելու մասին։ Այսօր ամենապահանջված, իսկ մեկ տասնամյակ հետո փնտրված կլինեն խառատը, էլեկտրազոդողն ու էլեկտրիկը ։ Արհեստների քաղաքում այսօր նորմալ քարտաշներ անգամ քիչ են մնացել։