ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, որում նշված է.
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ: Մարտի 8-ն արմատավորված է որպես կանանց տոների միամսյակի մեկնարկ, ինչը կնոջ անգնահատելի դերի, մեծագույն հարգանքի և սիրո ապացույցն է:
Խոնարհում և հարգանք որդեկորույս մայրերին. ձեր ավանդը մեր հայրենիքին անուրանալի է: Ամենաջերմ մաղթանքներս զինվորների մայրերին, կանանց, դուստրերին, առանձնահատուկ ակնածանքի խոսքեր հայրենիքի պաշտպանությանը ծառայող մեր քույրերին:
Սիրելի՛ կանայք, շնորհակալություն ձեզ բոլոր ոլորտներում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի ու նվաճումների համար, ներելու ու նվիրվելու բացառիկ տաղանդի և ոգեշնչման աղբյուր լինելու համար:
Այսօր կանանց իրավունքների պաշտպանության օրն է և զերծ մնալով բոլոր տեսակի վիճակագրական տվյալներ հրապարակելուց՝ պարզապես ի սրտե շնորհավորենք և ոչինչ չխնայենք մեր սիրելի մայրերի, քույրերի, դուստրերի, մեզ շրջապատող կանանց օրը տոն դարձնելու համար»: