«Մարտի 5-ին` ժամը 10:00-ին, Դյուկյանլար բնակավայրից ոչ հեռու Ադրբեջանը կրակ է բացել Լեռնային Ղարաբաղի իրավապահ մարմինների ավտոմեքենայի վրա». հատված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկագրից: Այս հայտարարությունից քիչ անց Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Ռուսաստանին մեղադրեց փաստերը աղավաղելու մեջ:
Տիգրան Գրիգորյան (Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ) - Սա առաջին նմանատիպ բովանդակության հաղորդագրությունը չէ, մեծ հաշվով երբ էլ օբյեկտիվ ասել են, Ադրբեջանը նույն կերպ արձագանքել է և ուզում է ցույց տալ, որ դա իրենց տարածքն է, և անընդհատ շեշտում է, որ շուտով գնալու են այդ տարածքից:
Չնայած 2022 թվականի ամռանը պաշտոնական Երևանը հայտարարեց, որ Արցախից Հայաստանի զինված ուժերի զինծառայողների դուրսբերման գործընթացն ավարտվել է, Բաքուն Երևանից շարունակում է պահանջել անհապաղ դուրս բերել բոլոր «զինված ուժերը»՝ բացահայտ սպառնալով քայլեր ձեռնարկել դրանց զինաթափման և չեզոքացման ուղղությամբ:
Տիգրան Գրիգորյան - Ադրբեջանը, դիվանագիտական ճնշումից բացի, նաև ռազմական ճնշում կփորձի կիրառել, և նմանատիպ գործողություններ կարող են լինել այլ հատվածներում: Այդ մասին նաև մոնիթորինգն է ադրբեջանական մամուլի ցույց տալիս, հիմնական պատճառն այն է, որ Արցախում իբր կան ապօրինի զինված խմբեր, որոնց պետք է զինաթափեն, իհարկե, նկատի ունեն պաշտպանության բանակը:
Բաքուն փորձում է ագրեսիվ նոր գործողությունների, էսկալացիայի արդարացման համար պատճառներ հորինել: Միևնույն ժամանակ, փորձում է առավելագույն ճնշում գործադրել արդեն 86 օր շրջափակման մեջ գտնվող Արցախի վրա:
Էդգար Վարդանյան (քաղաքագետ) - Բաքուն արդեն իսկ սպառնում է Արցախի հայությանը, որ` կամ ընդունում եք ինտեգրացիան, կամ մենք ռազմական ճնշումներ ենք իրականացնելու:
Այս սպառնալիքների մասին մարտի 6-ի Անվտանգության խորհրդի նիստին հայտարարեց նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը` մանրամասնելով՝ իրենց տարբեր խողովակներով փոխանցել են՝ կամ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ առկա խնդիրներին որևէ լուծում չի լինելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր:
Էդգար Վարդանյան - Շփումները Արցախի ղեկավարության հետ Բաքվին ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ արցախցիները չեն համաձայնի իրենց վերահսկողության տակ ապրել, չեն համաձայնի Բաքվի ինտեգրացիայի պրոյեկտին:
Ադրբեջանի նպատակը վերահսկողություն սահմանելն է, և նա հասկանում է, որ դա չի կարողանա, քանի դեռ այնտեղ ապրում են արցախցիները, ուստի ամեն ինչ անում է, որ դուրս գան, լինեն վախի մթնոլորտ, լոգիստիկ խնդիրներ և այլն:
Հենց այդ նպատակն են հետապնդում վերջին շրջանում Ադրբեջանի կողմից Արցախում հաճախակիացած հրադադարի խախտման դեպքերը և դիվերսիոն խմբի հարձակումը: Դրանք Լաչինի միջանցքի չստացված օպերացիայի շարունակությունն են. փորձագետների դիտարկումն է:
Էդգար Վարդանյան - Ադրբեջանը, ըստ էության, անուղղակիորեն օպերացիա էր իրականացնում էկոակտիվիստների միջոցով և հասկացավ, որ այդ օպերացիան անհաջողության է մատնվում, իր առջև դրված խնդիրներին չի կարող հասնել, ստացավ միջազգային լուրջ ճնշում:
Տիգրան Գրիգորյան - Այժմ պարզապես հարմար պահն էր, Ադրբեջանը փորձում է փակել բոլոր հնարավորությունները Արցախի և արտաքին աշխարհի միջև կապի, քանի որ այդ տեղանքը այլընտրանքային ճանապարհի տեղանքն է, որը կառուցվելու է:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր հայտարարության մեջ անուղղակիորեն սպառնացել էր նաև 2022 թվականի օգոստոսի ռազմական գործողությունների կրկնությամբ: Փորձագետները նույնպես չեն բացառում Բաքվի կողմից հնարավոր նոր սադրանքները և էսկալացիայի հավանականությունը, շեշտում` դրա կանխման հարցում առանցքային կարող է լինել Ադրբեջանի վրա միջազգային ճնշումների մեծացումը:
Էդգար Վարդանյան - Ռուս խաղաղապահները որևէ բան չեն կարողանում անել կամ չեն անում փաստացի, միայն վերջում գալիս, արձանագրում են այդ ամենը, կարծես կանգնեցնում են էսկալացիան և ասում` տես, եթե ես չլինեի, ավելի վատ կլիներ: Պոստֆակտում են միայն արձագանքում, բայց փաստացի Ադրբեջանն անընդհատ կարող է դիմել այդ գործիքակազմին ու մնալ անպատիժ:
Փորձագետները նշում են նաև խաղաղապահ զորակազմի մանդատի սահմանափակ բնույթը, փոքր թիվը, սակայն ընդգծում են՝ դրանք կարևոր են, բայց ոչ որոշիչ:
Էդգար Վարդանյան - Ամեն ինչ որոշվում է Ադրբեջան և Ռուսաստան կուլիսային փոխհարաբերությունների տիրույթում:
Տիգրան Գրիգորյան - Ռուսաստանը մեծ հաշվով քաղաքական ռեսուրս չունի կոշտ լեզվով խոսելու համար, Ադրբեջանը դա օգտագործում է և լկտի պահվածք ցուցաբերում:
Լոկալ մակարդակում տեխնիկական խնդիրները կարևոր են, ցանկության դեպքում էլ ամբողջ հատվածը վերահսկել չեն կարողանա, բայց կա քաղաքական խնդիր` հստակ ուղերձ հղել Ադրբեջանին:
Ադրբեջանական հերթական արկածախնդրությունը կանխելու տեսանկյունից կարևոր է միջազգային կառույցների հասցեական արձագանքը: Արցախի վերջին դիվերսիոն հարձակմանը, որի հետևանքով զոհվեց 3 և վիրավորվեց մեկ ոստիկան, արձագանքել են ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն:
Տիգրան Գրիգորյան - Հայկական կողմը այս հարցը պետք է օրակարգային պահի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջազգայնացումը պետք է լինի գլխավոր նպատակ, Ադրբեջանը այն ներքին խնդիր է փորձում ներկայացնել, բայց Լաչինի փակմամբ տեսավ, որ այն ներքին չէ, եղավ Հաագայի որոշում:
Ընդգծում են՝ միջազգային հանրությունը հնարավոր է գնա միակողմանի որոշումների, եթե Ադրբեջանը փորձի գնալ էթնիկ զտման ճանապարհով: Միջազգային հարաբերություններում կան նման նախադեպեր:
Հեղինակ` Իրինա Մկրտչյան