Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամային հարցով ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանը և դրա շուրջ զարգացումներին:
«Այն միտքը, որ Լաչինի ճանապարհով տեղափոխումը պետք է թափանցիկ լինի, կարծում եմ, միանգամայն իրավաչափ է։ Մենք չենք ցանկանում, որ Լաչինի ճանապարհն օգտագործվի այնպիսի ապրանքների տեղափոխման համար, որոնք կօգտագործվեն ռազմական կամ անօրինական նպատակներով և կմեծացնեն լարվածությունը։ Թափանցիկությունը բացարձակապես օրինական է, և դրան հասնելու համար պետք են քննարկումներ ու բանակցություններ:
Կարծում եմ, որ դա անելու մի քանի եղանակ կա: Դրանցից մի քանիսը նախկինում քննարկվել են, ինչպես, օրինակ՝ ռուսներն ունենան լրացուցիչ սարքավորումներ անցակետում, որպեսզի կարողանան ավելի լավ ստուգել, թե ինչ է տեղափոխվում: Դա պետք է մանրամասն քննարկվի: Կարծում եմ, որ Հայաստանում ճիշտ է այն տեսակետը, որ դրանք երկու առանձին խնդիրներ են։ Մեկը Լաչինի ճանապարհն է, որը դիտարկվում է 2020 թվականի նոյեմբերի հայտարարության մի կետում, և Ադրբեջանի ու Նախիջևանի միջև կապը, որը ներառված է 2020 թվականի հայտարարության մեկ այլ կետում։ Դրանք դիտարկվում են այդ հայտարարության տարբեր ոլորտներում։ Բայց, ի վերջո, դա քննարկման, բանակցությունների հարց է։ Մեր կարծիքը, իհարկե, այն է, որ, իսկապես, օրինական է թափանցիկություն ունենալը: Կարծում եմ, որ կարևոր է նաև ժողովրդի, Ղարաբաղի հայ բնակչության համար անվտանգության զգացում ունենալը, որպեսզի նրանք կարողանան ազատ տեղաշարժվել:
Եվ ներկա պայմաններում, անկախ նրանից, թե ինչ փաստեր կան ապրանքների ներմուծման ծավալի մասին, դա, իհարկե, այն մակարդակը չէ, որը եղել է 2022 թվականի նոյեմբերին, և մենք հավատում ենք, որ պետք է վերադառնանք երթևեկության այն տեսակին, որն ունեցել ենք մինչ ցուցարարների՝ ճանապարհը փակելը»,- ասել է Կլաարը: