«Սուրմալուի» պայթյունի գործով ստացված տվյալների համաձայն՝ հրավառ նյութերով լի ևս մեկ պահեստ է հայտնաբերվել: Ըստ դատախազի՝ մեկ այլ հասցեում ևս մեղադրյալի կարգավիճակ ունեցող տնտեսվարողները սահմանված թույլատրելի խմբաքանակը գերազանցող հրավառ նյութեր են պահել:
Ծովակ Մնացականյան (Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ) - Այնտեղ ևս կատարվեցին անհրաժեշտ գործողություններ, հայտնաբերվեցին պահեստավորված ապրանքները ամբողջությամբ, նախաքննության գաղտնիության սահմանները չհատելու սկզբունքով պայմանավորված՝ շատ փակագծեր չնշեմ, ուղղակի նշեմ, որ այդ պահեստի հայտնաբերումով և այդ պահեստում պահվող նյութերի հայտնաբերումով ևս արձանագրվեց, որ այնտեղ ևս պահպանված չէին հրդեհային անվտանգության որևէ կանոն:
Այս ուղղությամբ քննչական և ապացուցողական գործողությունները դեռևս շարունակվում են:
Ընդհանուր առմամբ՝ առնվազն 16 մարդու կյանք խլած պայթյունի գործով 5 մեղադրյալ կա, վերջին մեղադրյալը առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան է, բայց ոչ թե պայթյունի, այլ դրանից մեկուկես տարի առաջ նույն առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի դրվագով, որը միացվել է և քննվում է մեկ վարույթով: «Սուրմալուի» տարածքում հրդեհը եղել էր 2021-ի ապրիլին, վնասվել էր մոտ երկու տասնյակ խանութ: Հրդեհի հետևանքով «Երևանի պահածոների գործարան» ընկերությանը և անհատ տնտեսվարողներին պատճառվել է կես միլիարդ դրամի վնաս: Մադաթովան, որն ի պաշտոնե, հրդեհային անվտանգության պատասխանատուն է եղել, չի ապահովել կանոնների պահպանումը:
Ծովակ Մնացականյան - Վարկածներից մեկի քննման արդյունքում պարզ դարձավ, որ «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության տնօրենը կեղծել է և կեղծ թվագրմամբ փաստաթուղթ է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին, որով փորձ է կատարել ընկերության փոխտնօրենի համար պարտականություններ սահմանող հրաման կեղծել:
Ըստ այդ կեղծ հրամանի՝ երկու հրդեհի դեպքում էլ անվտանգության կանոնների պատասխանատուն ընկերության փոխտնօրեն Վարդան Մանուկյանն է եղել:
12 տարի առևտրի կենտրոնը ղեկավարած Մադաթովան, սակայն, մեղադրանքը չի ընդունում: Ըստ պաշտպան Կարեն Բատիկյանի՝ այդ պարտականությունը դրված է եղել տարբեր անձանց վրա:
Կարեն Բատիկյան («Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովայի պաշտպան) - Քրեական գործում կան կոնկրետ ցուցմունքներ, կոնկրետ ԱԻՆ աշխատակից Ֆելիքս Ղազարյանի ցուցմունքը, որը իր ցուցմունքում հստակ նշում է, որ հրդեհից առաջ կատարված ստուգումների ընթացքում և դրանից առաջ իր հետ տարածքով շրջել է Վարդան Մանուկյանը՝ փոխտնօրենը:
Պաշտպանի խոսքով՝ տնօրենը չէր կարող պատասխանատվության ենթարկվել իր վրա չդրված պարտականությունների համար: Բատիկյանի պնդմամբ՝ 2021-ի հրդեհը տեղի է ունեցել տոնավաճառի ղեկավարության պատասխանատվության գոտուց դուրս, ինչ վերաբերում է հրամանին, ապա այն, ըստ Բատիկյանի՝ Մադաթովան քննիչի պահանջով է երկու անգամ պատրաստել:
Կարեն Բատիկյան - Առաջին անգամ տրված փաստաթուղթը չգիտեմ ինչ հանգամանքներում անհայտացել է, և անհրաժեշտություն է, ըստ երևույթին, առաջացել առգրավվել երկրորդ անգամ ևս՝ 2022 թվականի հոկտեմբերի 18-ին՝ 2 անգամ առգրավելով Իրինա Մադաթովայի կողմից մեկ տարի առաջ կազմված, իր թղթապանակում պահելու նպատակով կազմված հրամանը առգրավվելու հանգամանքը, բնականաբար, փորձագետները պետք է տային վաղեմության այսպիսի տարբերություն:
Գործը հսկող դատախազ Ծովակ Մնացականյանն էլ պնդում է՝ այդ հրամանի կեղծմամբ, ըստ էության, տնօրենը իր համար ցանկացել է ստեղծել բարենպաստ իրավիճակ՝ պատասխանատվությունից խուսափելու համար:
Ծովակ Մնացականյան - Հրամանը թվագրված է կեղծ ժամանակահատվածի վերաբերյալ նշումով, որը փորձաքննությամբ հիմնավորվեց, որ այդ փաստաթուղթն այդ ժամանակահատվածում ուղղակի չէր կարող պատրաստված լինել:
Գործով մյուս մեղադրյալներից 3-ը տնտեսվարողներն են, որոնց վարձակալած և փաստացի նրանց տիրապետման ներքո գտնվող տաղավարներում, ըստ մեղադրանքի՝ պահեստավորվել էին արգելված նյութերը: Մյուս մեղադրյալը փոխտնօրենն է, որն անցնում է նաև 2021-ի հրդեհի գործով: Տնտեսվարողներից մեկն օրեր առաջ է կալանավորվել՝ վերաքննիչ դատարանի որոշմամբ: Երեմ Սարգսյանը, որը տնտեսվարողների շահերն է ներկայացնում, նշում է՝ նրանք մեղադրանքը չեն ընդունում:
Երեմ Սարգսյան (պաշտպան) - Մենք ընդհանրապես չենք գտնում, որ կարող ա էդ սայլուտ կոչեցյալներից այս մեծ պայթյունը տեղի ունեցած լինի, ոչ թե ասում ենք, որ սայլուտ չենք ունեցել, ոչ թե ասում ենք, որ պահեստում չեն եղել և այլն և այլն, այլ ասում ենք՝ դուք փորձել եք հլը պարզել՝ արդյոք դրա հետևանքո՞վ է եղել, թե՞ չէ:
Սարգսյանը նշում է՝ այս ամիսների ընթացքում դեռ չեն պարզել՝ արդյոք հրավառությունի՞ց է առաջացել պայթյունը: Ըստ պաշտպանի՝ մեղադրանքի հիմքում մի փաստաթուղթ է, որով նման պայթյունը հնարավոր են համարել, եթե համապատասխան քանակի հրավառ նյութեր միաժամանակ պայթեին:
Երեմ Սարգսյան - Անհնար ա պատկերացնել տրամաբանության մեջ, որ միաժամանակ եթե մի հատվածում մեկ արկղ նույնիսկ միաժամանակ պայթի, էն մյուսները չեն պայթելու դրանից, էն մյուսները կարող են ընդամենը վառվել, վառվելու հետևանքով վայրկյանների ընթացքում սկսել աստիճանաբար պայթել, բայց ոչ բոլորը միաժամանակ էնպիսի պայթյուն, որ ամբողջ «Սուրմալուի» շենքը պայթի:
Դատախազի խոսքով՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, որոնց արդյունքները դեռ չեն ստացվել: Ծովակ Մնացականյանը նշում է՝ նախնական տվյալներով՝ պայթյունի դեպքով պատճառված վնասի չափը գերազանցում է 1.5 միլիարդ դրամը:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան