2020-ի հուլիսյան ռազմական գործողությունների հարվածներն իր վրա զգացած Տավուշի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղը հանգստի կազմակերպման նոր հասցե ունի: «Մայրիկ» պուրակի ստեղծման՝ կառավարության նախաձեռնությունը գրեթե ավարտական փուլում է: Պուրակը ստեղծվել է գյուղի կենտրոնական հատվածում: Տարածքը սալիկապատվել է, տեղադրվել են հանգստի տաղավարներ, կառուցվել է խաղահրապարակ: Հուլիսյան դեպքերից հետո վարչապետ Փաշինյանի՝ Ներքին Կարմիրաղբյուր այցի ժամանակ է որոշվել կառուցել Մայրիկների պուրակը: Հատկացվել է մոտ 40 միլիոն դրամ:
Լևոն Առաքելյան (Ներքին Կարմիրաղբյուր գյուղի վարչական ղեկավար) - Համայնքը ներդրում չունի, պետական միջոցներով ա եղել ամբողջը: Մարդկանց մեջ ոգևորություն ա մտցրել: Մարդիկ զբաղվելու միջոց ունեն, գյուղաշխատանքներից հետո գալիս են պուրակ, զրից անըմ, դրական փոփոխություն ա մտցրել:
Պուրակը փաստացի բացվել է 2022-ին, ամռանն այստեղ գործում է բացօթյա սրճարան, որի գույքը գյուղին է նվիրել «Փարոս» հիմնադրամը: Սրճարանն աշխատեցնում է Արցախից տեղահանված, այստեղ ապրող ընտանիքը: Այդ ընտանիքի հետ միասին Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցի աշակերտները կամավորության սկզբունքով հետևում են այգու մաքրությանը, խնամում պուրակը: «Մայրիկ» անունը կրող մանկական պուրակի մոտակայքում գործում է նաև հյուրատուն-գինետունը: Լավ ժամանակ անցկացնելու համար այստեղ գալիս են նաև հարևան գյուղերից ու Բերդից:
Նարա Պապյան (Ներքին Կարմիրաղբյուր գյուղի դպրոցի տնօրեն) - Կարևոր առաքելությունը, որ կատարում է յուրաքանչյուր սահմանապահ գյուղի երեխա ու բնակիչ, անգնահատելի է: Պարզ է, թե ինչքան մեզ համար կարևոր է մեր երեխաների համար զբոսայգու կառուցումը: Հնարավորություն է մեր երեխաների համար հանդիպելու ավելի գեղեցիկ զբոսայգում՝ հատուկ իրենց համար նորոգված, միասին խաղալու, բնակիչների համար, մայրիկների համար, որոնք հանգիստն են անցկացնում «Մայրիկ» պուրակում:
Նունե Ավագյան (աշակերտ)- Իրականում աշխուժություն է մտցրել, հատկապես երեկոյան ժամերին: Ընկերներով գալիս ենք, որ չկար, էլի ժամանակ գտնում էինք շփվելու, հիմա որ ստեղծվել է, ավելի հաճախ ենք դուրս գալիս, շփվում:
Տնկվել են սոսիներ, եղևնիներ: Առաջիկայում, չի բացառվում, ավելացվեն բուսականությունն ու նաև կարուսելները: