Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցով ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ադրբեջանական լրատվամիջոցների հետ հարցազրույցի ընթացքում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ դիտորդական առաքելության կազմի, առաջադրանքների և Ադրբեջանի հետ այդ առաքելության համաձայնեցմանը վերաբերող հարցերին:
«Նախ՝ առաքելության կազմի հետ կապված՝ չեմ կարող ասել, թե քանիսն են, կամ քանի անդամ երկիր է ներկայացված, քանի որ, անկեղծ ասած, առաքելությունը դեռ ամբողջական չէ, և կախված է նրանից, թե որ երկրներն են պատրաստ անձնակազմ ուղարկել: Յուրաքանչյուր երկիր վճարում է իր ուղարկած ներկայացուցչի համար: Այսպիսով, դա որոշում է, որը պետք է ընդունի յուրաքանչյուր անդամ պետություն: Կարող եմ ասել, որ, օրինակ՝ Վրաստանի առաքելությունում ներկայացված են գրեթե բոլոր անդամ երկրները։ Չգիտեմ՝ Հայաստանում դա ինչպես է, բայց, կարծում եմ՝ այդ թիվը բավական մեծ կլինի: Ես կզարմանամ, եթե այդ առաքելությունում ներկայացված չլինի ԵՄ անդամ երկրների մեծ մասը։
Ինչ վերաբերում է Հայաստանում առաքելությանը, ապա մենք տեղեկացրել ենք Ադրբեջանի իշխանություններին, թափանցիկ ենք եղել։ Մենք այդ հարցով չենք համաձայնեցրել Ադրբեջանի իշխանությունների հետ, քանի որ առաքելությունը, ի վերջո, գտնվում է Հայաստանի տարածքում, բայց մենք բացարձակ թափանցիկ ենք եղել, թե ինչ ենք անում, որն է այս առաքելության նպատակն ու գործունեությունը:
Առաքելության նպատակը մենք տեսնում ենք վստահության ձևավորումն ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ միջազգային սահմանի երկայնքով՝ հայկական համայնքներում ստեղծված իրավիճակի և խաղաղ գործընթացին նպաստելու հարցում: Դա շատ կարևոր տարր է, քանի որ, մեր կարծիքով, առաքելության դերը խաղաղ գործընթացին աջակցելն է, այն այլընտրանք չէ, այն, իհարկե, փոխարինող չէ: Դա մի բան է, որը, մեր կարծիքով, պետք է ծառայի որպես խաղաղության գործընթացն արագացնող գործոն, ինչպես նաև օգնի հայերին, որոնք իրենց որոշ չափով անապահով են զգում, ավելի ակտիվորեն ներգրավվելու խաղաղ գործընթացում և աշխատելու լավ արդյունքների հասնելու համար: Այնպես որ, դա է նպատակը, որ մենք ունենք այս առաքելության համար, և, կրկնեմ, ոչ թե Ադրբեջանի իշխանությունների համաձայնությամբ, այլ Ադրբեջանի իշխանությունների հետ լիակատար թափանցիկությամբ»,- նշել է Կլաարը։