Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամային հարցով ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է խաղաղության գործընթացում ԵՄ դերակատարությանը և այդ դերակատարության հանդեպ ՌԴ ԱԳՆ արձագանքին, ըստ որի՝ ԵՄ-ն ցանկանում է մրցակցել Մոսկվայի հետ և վերջինին դուրս թողնել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացից: «Ինչո՞ւ է Մոսկվան նման կերպ արձագանքում» հարցին ի պատասխան՝ Կլաարն ասել է.
«Դրա մասին պետք է հարցնել ռուսներին։ Մենք բոլոր ջանքերը գործադրել ենք ցույց տալու, որ ԵՄ-ի համար սա ինչ-որ աշխարհքաղաքական խաղ չէ, ինչպես երբեմն սիրում է ասել տիկին Զախարովան։ ԵՄ-ի նպատակն է օգնել Հայաստանին և Ադրբեջանին` մեր երկու հարևաններին, հաղթահարելու հակամարտության ժառանգությունը: Դա է մեր միակ շահագրգռվածությունը։ Հարավային Կովկասը մեր հարևանն է, և մեզ համար ձեռնտու է այս տարածաշրջանում ունենալ խաղաղություն, կայունություն և բարգավաճում, քանի որ եթե մեր հարևաններն ավելի լավ վիճակում են, ապա մեզ համար էլ է լավ: Դա այնքան պարզ է, և ես ուրախ կլինեի, եթե նաև Մոսկվայում ընդունեին, որ եթե մենք ունենանք նույն նպատակը, ապա կկարողանանք լրացնել միմյանց ջանքերը, և չպետք է դա դիտարկել որպես մրցակցություն, ինչը, իհարկե, մեր դիրքորոշումը չէ»: