ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Արաբական պետությունների լիգայի խորհրդի՝ նախարարական մակարդակով 159-րդ նիստին:
Խոսելով հայ և արաբ ժողովուրդների դարավոր բարեկամության մասին՝ արտաքին գործերի նախարարը շեշտել է, որ Հայաստանն ու արաբական երկրները սերտ հարաբերություններ են հաստատել նաև պետական մակարդակով։ Հայաստանի և արաբական երկրների միջև լիակատար փոխըմբռնում կա կարևոր հիմնախնդիրների, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում խաղաղության գործընթացի շուրջ:
Միրզոյանն անդրադարձել է նաև մեր տարածաշրջանին, ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ խաղաղություն հաստատելու Երևանի անկեղծ ջանքերին ի պատասխան՝ Բաքուն շարունակում է իր ատելության խոսքն ու առավելապաշտական գործողությունները:
Արարատ Միրզոյան (ՀՀ ԱԳ նախարար) - Ցավոք, մեր հարևան Ադրբեջանը շարունակաբար մանիպուլացնում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցերն ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը միջազգային տարբեր հարթակներում, հատկապես այն կազմակերպություններում, որտեղ Հայաստանը ներկայացված չէ, ինչպիսիք են Իսլամական համագործակցության կազմակերպությունը և Չմիավորման շարժումը՝ փորձելով դրանց տալ կրոնական երանգ և օգտագործելով իսլամական համերաշխության զգայուն գաղափարախոսությունը:
Մենք ակնկալում ենք, որ նման փորձերը կմերժվեն, և մեր բարեկամ արաբական երկրներին չեն ներքաշի կրոնական տարաձայնությունների դաշտ։ Մենք պետք է կանխենք բացառապես քաղաքական և հումանիտար բնույթի խնդիրներին կրոնական երանգ հաղորդելու հետագա ցանկացած փորձ:
Եվ կրկին, Արաբական պետությունների լիգայի այս հարթակում ընդգծում եմ, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս արաբական պետությունների հետ հարաբերություններին և վերահաստատում ձեր երկրներից յուրաքանչյուրի հետ համագործակցության հեռանկարներն ընդլայնելու մեր պատրաստակամությունը։