Սուսաննա Ճուղուրյանին Էջմիածնում շատերն են ճանաչում, բայց քչերը գիտեն, որ նորից ուսանող է դարձել և ամեն օր Երևան դասի է գնում: Սովորում է ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրայում: Կլինիկական հոգեբան է ուզում դառնալ, և դրա համար որևէ խոչընդոտի առաջ կանգ չի առնում:
Նաիրա Հակոբյան (ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ամբիոնի վարիչ) - Այս տարիքի ուսանող երբևէ չենք ունեցել, այս տարիքի ուսանող ունենալն ավելի պատասխանատու է դարձնում դասախոսին և, կարծես, ավելի մոտիվացնում է, դասախոսը հասկանում է, որ գործ ունի կյանք տեսած մարդու հետ և ավելի պատրաստված պետք է մտնի լսարան:
Անհատական աշխատանքի բարդ թեմա էր ընտրել, բայց պաշտպանությանը չդժվարացավ:
Ատոմ Մխիթարյան (ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն դեկան) - Այդ տարիքում եթե կարողանում է ուսանողական նստարանին նստել և ձեռք բերել գիտելիքներ, որ, գուցե, բաց է թողել երիտասարդ ժամանակ, գնահատելի է և հեռանկարային:
Համակուրսեցիները իր թոռնիկների տարիքին են: Բայց դա չի կաշկանդում, որ ընկերություն անեն, նույնիսկ գաղտնիքներ վստահեն իրար:
Յանա Բաղդասարյան (ուսանող) - Ինքը մեզ կյանքի դասեր է սովորեցնում, ինքը այնքան լավ մարդ է, որ ստեղծել է մի մթնոլորտ, որ կարողանում ենք հետը կիսվել:
Սուսաննա Ճուղուրյան (ուսանող) - Իրենցից ստիմուլ ու նոր էներգիա եմ ստանում: Ժամանակն ինձ համար հետ է գնացել, ինձ ավելի երիտասարդ եմ զգում, ավելի պատասխանատու:
Եթե կուրսեցիները դասախոսությունները գրի են առնում նոր տեխնոլոգիաների միջոցով, տիկին Սուսաննան աշխատում է թուղթ ու գրիչով: Ասում է՝ գրելիս էլ եմ սովորում:
Սուսաննա Ճուղուրյան - Ինձ համար շատ արդյունավետ է, նաև կարողանում եմ իմ գրած դասախոսություններով օգտակար լիներ կուրսեցիներիս:
Բժշկուհի դառնալ է երազել, բայց 50 տարի առաջ ընտրել է նախադպրոցական մանկավարժությունն ու հոգեբանությունը, սակայն դա չի խանգարել, որ տասնամյակներ անց գնա իր երազանքի հետևից: Ասում է՝ եթե ոչ մարմնի, ապա հոգու բժշկությամբ պատրաստ է օգնել մարդկանց:
Մարիամ Մեհրաբյան (հոգեբան) - Մենք 50 տարի անց ունենք վերապատրաստվող մասնագետ, որի կարիքը ոլորտը ունի: Տիկին Սուսաննայի օրինակը հեշտ է նրանով, որ մոտիվացնում է: Հոգեբանությունը նաև տարիքի գիտություն է, պահանջում է իմաստություն և փորձառություն:
Ընտանիքը չի խանգարում: Իսկ ամուսինը հնարավոր ամեն ինչ անում է, որ երազանքի ճանապարհին կինը դժվարության չհանդիպի:
Հովսեփ Ճուղուրյան (Սուսաննա Ճուղուրյանի ամուսինը) - Իր գործը հեշտացնում եմ, որոշ մասը, որ կարող եմ վերցնել իմ վրա, վերցնում եմ, տանում-բերում եմ:
4 թոռնիկների տատիկը մագիստրատուրայից հետո կրթությունը կշարունակի ասպիրանտուրայում, որ հեռուն գնացող նպատակն իրականացնելիս գիտելիքի պակաս չունենա: