2022 թվականին քրեակատարողական հիմնարկներում կատարվել է կրկնակի ավելի շինբարեկարգման աշխատանք, քան նախորդ հինգ տարիներին: Առաջիկայում այս ծրագրի ծավալը նորից գրեթե կկրկնապատկվի՝ հասնելով 2 մլրդ 52 մլն դրամի: Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության 2022 թվականի կատարողականը, գործունեության արդյունքներն ու առաջիկա ծրագրերն են ներկայացվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Պատասխանատուների խոսքով՝ հիմա ընթացքի մեջ է նոր ՔԿՀ-ի կառուցման մրցույթի կազմակերպման աշխատանքը. արդյունքում նախատեսվում է փակել Երևանում գործող 4 ՔԿՀ:
Ներակայացվել են «Արմավիր» ՔԿՀ-ում կառավարման նոր մոդելի ներդրման հետ կապված ծրագրերը: Զեկուցվել է, որ նախորդ տարի նույն ՔԿՀ-ում տեղադրվել է տեսահսկման նորագույն սերնդի համակարգ:
Բացի դրանից՝ վարչապետին տեղեկացրել են, որ պարեկային ծառայության մոդելին համապատասխան՝ նոր աշխատակիցների ներգրավման ուղղությամբ «Արմավիր» ՔԿՀ-ում աշխատանք է տարվում: Մշակվել և հաստատվել է ՔԿՀ-ներում արտակարգ իրավիճակներում գործելու պլան:
Վարչապետին զեկուցել են, որ 11 տրանսպորտային միջոց հանձնվել է պետգույքի կառավարման կոմիտե, 6-ն էլ առաջիկայում կհանձնվի: Նախորդ տարեվերջին 10 հատուկ նշանակության տրանսպորտային միջոց է ձեռք բերվել: Ըստ կառույցի ղեկավար կազմի՝ 16 էլեկտրամոբիլների ձեռքբերման պարագայում կարելի է ևս 26 տրանսպորտային միջոց դուրս գրել, ինչ արդյունքում տարեկան մինչև 58 մլն դրամ կտնտեսվի:
2022-ի տվյալով ՔԿՀ-ներում պահվում է 2265 դատապարտված և կալանավորված անձ: Երկրի ՔԿՀ-ները նախատեսված են 4491 անձի համար:
Քննարկվել են նաև ազատությունից զրկված անձանց կրթության ապահովմանը, վերասոցիալականացման այլ միջոցառումներին, դատապարտյալների աշխատանքային զբաղվածությանը վերաբերող հարցեր:
ՔԿՀ-ներում բջջային ցանցի ճնշման համակարգերի ներդրման մասին տարբեր գերատեսչությունների և բջջային օպերատորների ներկայացուցիչների հետ քննարկումներ են կազմակերպվել: Նպատակն է ներդնել այնպիսի համակարգ, որը կբացառի ՔԿՀ-ներում պահվող անձանց հասանելիությունը բջջային և ինտերնետ ցանցին:
Խոսելով ՔԿՀ-ներում մատակարարվող սննդի նոր ծրագրից՝ պատասխանատուները զեկուցել են, որ տրամադրվող բարձրորակ սննդից օգտվում է դատապարտյալ և կալանավորված անձանց 99,2 տոկոսը:
Վարչապետը կարևոր է համարել Քրեակատարողական հիմնարկներում իրականացվող բարեփոխումները, այդ թվում՝ շենքային պայմանների բարելավման, բարձր որակավորում ունեցող աշխատակիցների համալրման, քրեական ենթամշակույթի դեմ պայքարի, դատապարտյալների զբաղվածության, կրթության հնարավորությունների ապահովման ուղղություններով: Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է՝ բոլոր բարեփոխումների իմաստը և նպատակը պատժի կրման հստակ ստանդարտ սահմանելն է: