ՀՀ քննչական կոմիտեի կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում հիմնվել և գործարկվել է միջազգային համագործակցության շրջանակում իրավական փոխօգնության հարցումներ կատարելու գործընթացում խորհրդատվական, իրավական, տեխնիկական աջակցության օժանդակ գործիք հանդիսացող ազգային 24/7 կոնտակտային կետ։
Այս որոշումը, ՀՀ ԱԳՆ աջակցությամբ, կայացվել է Եվրոպայի խորհրդի Կիբեռհանցագործությունների մասին Կոնվենցիայի կոմիտեի կողմից։ Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ ՀՀ քննչական կոմիտեն դեռևս 2017 թվականին է նախաձեռնել ազգային լրացուցիչ կոնտակտային կետ հիմնելու գործընթացը: Դա պայմանավորված էր տեխնոլոգիաների զարգացմամբ, քրեական վարույթներով ավելի հաճախ հարցումներ կատարելու անհրաժեշտությամբ, դրա հնարավորությունների ավելի լայն կիրառման մեխանիզմներ ներդնելու պահանջով և այն իրողությամբ, որ ՀՀ-ում քրեական վարույթների շուրջ 96 տոկոսը քննվում է ՀՀ քննչական կոմիտեում, իսկ ՆԳՆ ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումում գործող կոնտակտային կետը, մշտապես ապահովելով անհրաժեշտ արդյունավետություն, այնուամենայնիվ, գործում է գերծանրաբեռնված։
24/7 ազգային Կոնտակտային կետերը հանդիսանում են գործնականում կիրառվող այն հիմնական միջոցը, որը հնարավորություն է տալիս սեղմ ժամկետում պետությունների իրավասու մարմիններից և ինտերնետային ծառայություններ մատուցող ընկերություններից ստանալու անհրաժեշտ տեղեկատվություն։ Վերջինս բխում է կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների դեմ պայքարում, ինչպես նաև ցանկացած վարույթի շրջանակներում էլեկտրոնային ապացույցների ստացման ոլորտում միջազգային համագործակցություն ապահովելու՝ Բուդապեշտի կիբեռհանցագործությունների մասին եվրոպական կոնվենցիայի նպատակներից։
Կոնվենցիայի կոնտակտային կետեր գործում են 67 պետություններում, սակայն Հայաստանն այն քիչ պետությունների թվում է, որտեղ գործում է 2 կետ։
Կոնտակտային կետերի միջև կապն ապահովվում է ԵԽ ներդրած հատուկ Ցանցի միջոցով, որի անդամներին հասանելի են միմյանց տվյալները։ Ցանցը ղեկավարվում և համակարգվում է ԵԽ քարտուղարության Կոնվենցիայի գործառնությունների գրասենյակի պատասխանատու ստորաբաժանման՝ Կոմիտեի կողմից։
2001 թ. ընդունված Բուդապեշտի կիբեռհանցագործությունների մասին Եվրոպական կոնվենցիան Հայաստանը վավերացրել է 2007 թվականին։
Կոնվենցիայի կոմիտեն մշակել և մասնակից պետությունների ստորագրմանն ու վավերացմանն է ներկայացրել Կոնվենցիայի 2-րդ Լրացուցիչ արձանագրությունը, որով կոնտակտային կետերի գործնական դերն ու նշանակությունը ավելի է կարևորվելու։