ՈՒԺԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԵՐԲԵՔ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՉԷ. ՓՐԱՅՍ
Հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ՝ խոսելով Արցախում տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիայի մասին՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:
Նեդ Փրայս (ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ) - Մենք հետևում ենք մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հրաձգության մասին հաղորդագրություններին, որի հետևանքով զոհվել է հինգ մարդ: Ցավակցում ենք վիրավորների և զոհվածների ընտանիքներին։ Հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ, վեճերը լուծելու համար ուժի կիրառումն երբեք ընդունելի չէ։ Խաղաղությունը պահպանելու միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ նստելն է: Ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները:
Տարածաշրջանում է Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն՝ ընդգծելու, որ առաջընթացի միակ ճանապարհը ուղիղ երկխոսությունն ու դիվանագիտությունն է: Ինչպես ընդգծել է պետքարտուղարը, Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին։
Փրայսը հավելել է՝ Վաշինգտոնը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար գործընկերոջ դեր է կատարել՝ նպաստելով երկրների ղեկավարների և արտգործնախարարների մակարդակով շփումներին:
«Մենք պատրաստ ենք՝ թե երկկողմ ու եռակողմ, թե բազմակողմ ձևաչափերով աջակցել կայուն խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերը»,- ասել է Պետքարտուղարության խոսնակը:
Արձագանքելով վերջերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե տարածաշրջանում առկա խնդիրներն ավելի լավ է լուծել՝ հավատարիմ մնալով Ռուսաստանի միջնորդական ջանքերին՝ Փրայսը նշել է.
Նեդ Փրայս- Այս հարցը պետք է ուղղել հենց կողմերին: Մենք չենք պատրաստվում դեմ արտահայտվել միջնորդական որևէ այլ առաջարկի, և, ըստ էության, մենք միջնորդ չենք: Մենք երկու երկրի գործընկերն ենք։ Կարծում եմ՝ մենք և՛ խոսքով, և՛ գործով ցույց ենք տվել նրանց հետ մեր հարաբերությունների բնույթը, այդ երկրներին միավորելու մեր կարողությունը, պատրաստակամությունն ու կամքը։ Սա Մոսկվայի հետ մրցելու միջոց չէ։ Նպատակը երկու երկրների միջև վաղեմի վեճի կարգավորումն է: Վեճ, որը պարբերաբար մարդկային կյանքեր է խլում, ինչպես դա տեղի ունեցավ մարտի 5-ին:
Փրայսը պնդել է՝ Վաշինգտոնի շահը տարածաշրջանում խաղաղությունը և անվտանգությունն են, ինչը բխում է նաև Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների շահերից։
ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԳՆ-Ն ԿՈՉ Է ԱՐԵԼ ՊԱՀՊԱՆԵԼ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ
Ֆրանսիան ցավում է մարտի 5-ին տեղի ունեցած լուրջ միջադեպի զոհերի համար: Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ նշվում է, որ ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության ներքո գտնվող տարածքով անցնելիս ոստիկանական մեքենան հարձակման է ենթարկվել ադրբեջանական զինուժի կողմից։ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից կոչ են արել խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը:
«Տեղի ունեցածի հանգամանքները պետք է պարզվեն»,- ասված է հաղորդագրության մեջ:
ՆԱՏՕ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ. ԿՈԼՈՄԻՆԱ
Ադրբեջանական դիվերսիային թվիթերում անդրադարձել է նաև Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականը: «Չափազանց մտահոգ ենք Ստեփանակերտի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին լուրերով, որը հանգեցրել է զոհերի։ Այս միջադեպը ցույց է տալիս չլուծված խնդիրները բանակցային սեղանի շուրջ լուծելու հրատապությունը»,- գրել է Խավիեր Կոլոմինան:
Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը:
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ՝ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանական ուժերի հարձակումը, որի հետևանքով զոհվել է արցախցի 3 ոստիկան, դիտավորյալ սպանության ևս մեկ ակտ է՝ հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը:
Ադամ Շիֆ (ԱՄՆ կոնգրեսական) - Արցախցի ոստիկանների սպանությունից հետո է՛լ ավելի է մեծանում մարդու իրավունքների և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խախտման համար Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտությունը:
Շիֆը հիշեցրել է՝ այս բռնությունը տեղի է ունենում Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով առաջացած հումանիտար ճգնաժամի ընթացքում, որի հետևանքով 120 000 մարդ հայտնվել է ծանր վիճակում:
Ադամ Շիֆ - ԱՄՆ-ը պետք է դատապարտի Ադրբեջանի հարձակումները Արցախի վրա և պատասխանատվության ենթարկի Ալիևի ռեժիմին: Կոչ եմ անում ԱՄՆ պետքարտուղարությանը և Բայդենի վարչակազմին օգտագործել դիվանագիտական բոլոր ուղիները՝ տարածաշրջանում աճող անկայունությունը լուծելու համար:
Կոնգրեսականը շեշտել է՝ հարկավոր է երաշխավորել, որ Արցախի անվտանգությունն ու ինքնիշխանությունը հարգվեն։