Մինչև տարեվերջ պատրաստ կլինի մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման ամբողջական նախագիծը: Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ ամփոփվել են նախագծման աշխատանքների առաջին փուլի արդյունքները. հստակեցվել են նախագծման ու կառուցման ժամկետներն ու նոր կայարանի տեղադիրքը:
Տիգրան Ավինյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - 1-ին փուլի աշխատանքները, հիմնական տեղադիրքի հետ կապված և ինժեներական աշխատանքի հետ կապված, որոնք ավարտվել են: Լինելու է Հալաբյան փողոցի վրա, Աբելյան խաչմերուկի մոտ, բայց Հալաբյանի կողմում է լինելու: Ունենալու ենք մեկ կամուրջ, որն անցնելու է կիրճով և չի ունենալու հենասյուներ, այլ մետաղյա ֆերմաներով հավաքված շատ գեղեցիկ ապակյա կամուրջ է լինելու:
Ժամանակին նախատեսվել է մետրոյի Աջափնյակ կայարանը կառուցել Աբելյան փողոցում: Նախագծող ընկերությունն այժմ առաջարկել է կառուցել Հալաբյանում: Առաջարկված տարբերակի շնորհիվ, Տիգրան Ավինյանի խոսքով, նվազագույնը 6 ամսով կկրճատվի շինարարության ժամկետը, ծախսը կպակասի 15 տոկոսով:
Տիգրան Ավինյան - Ամենակարևորը՝ Աբելյանի այդ հատվածում շենքեր են կառուցվել, այդտեղ որոշակի դժվարություններ ենք ունենալու: Նաև շինարարական աշխատանքների կազմակերպումն է ավելի հեշտ լինելու: Բաց տարածքում ենք հորատման աշխատանք անելու:
«Բարեկամությունից» մինչև նոր կայարան հեռավորությունը լինելու է 1,5 կմ: Նախագիծը պատրաստ լինելուն պես կհայտարարվի շինարարության մրցույթը: Կայարանի ինտերիերի հետ կապված վերջնական որոշում, ըստ Ավինյանի, դեռևս չկա: Քաղաքապետի տեղակալը վստահ է՝ Աջափնյակի կայարանի կառուցումից հետո մոտ 22 տոկոս կավելանան մետրոյով ուղևորափոխադրումները:
Տիգրան Ավինյան - Կունենանք նախագծանախահաշվային արժեքը, դա կհրապարակվի, դա դեռ չի նշանակում՝ կլինի վերջնական արժեքը: Կդրվի մրցույթի, մրցույթի պայմաններում հնարավոր է՝ ավելի ցածր արժեքով որևէ ընկերություն համաձայնի և իրականացնի: Բայց գերակայությունը կտրվի աշխատանքների որակին և ժամկետին:
Տիգրան Ավինյանի խոսքով՝ քաղաքապետարանն առաջարկելու է մետրոպոլիտենի զարգացման շարունակական ծրագիր: Քննարկվում է նաև դեպի Աջափնյակի խորք և արդեն հաջորդ փուլում Դավիթաշեն վարչական շրջան մետրոյի գիծը երկարացնելու հնարավորությունը: Քննարկվել է նաև «Փեթակ» առևտրի կենտրոնին մոտ կայարան կառուցելու հարցը, կատարվել են նախնական էսքիզային որոշ աշխատանքներ: Փոխքաղաքապետն ասաց նաև՝ ամենօրյա կապի մեջ են ռուսական նախագծող «Մետրոգիպրոտրանս» ընկերության հետ:
Տիգրան Ավինյան - Շուտով ունենալու ենք ևս մեկ ընկերություն, որը, կարելի է ասել, օգնելու է թե՛այդ նախագծի, թե՛ հետագա զարգացման հետ կապված: Ցավում եմ, որ 30 տարում երազանք է եղել: Դա այն աշխատանքը չէր, որ իրականացնելի չէր: Տարեկան 10-20 մլրդ դրամ բյուջեով կարողանալու ենք շարունակական զարգացնել: Դա փոքր գումար չէ, բայց նման ենթակառուցվածքի զարգացման մակարդակով, հաշվի առնելով ռազմավարական, տրանսպորտային նշանակությունը, դա, կարծում եմ, մեծ գումար չէ:
Նախնական հաշվարկով՝ Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի շինարարությունը կտևի չորս տարի: