Հայաստան մտնելուց հետո ձևակերպումների սպասող ֆուռերի մեծ հերթերը պետք է որ առաջիկայում կրճատվեն։ Նույն բեռնատարով երբեմն 10-15 գործարարի բերած ապրանքի համար նախկինում եթե մաքսակետում հատ-հատ տարանցման հայտարարգիր էին լրացնում, մեկ շաբաթ է՝ սկսել են հավաքական բեռները ևս բաց թողնել մեկ միասնական փաստաթղթով՝ բիզնեսին տեղեկացնում են Պետեկամուտների կոմիտեից։
Արտեմ Կարապետյան (ՀՀ ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ) - Լրացնում ենք մեկ հայտարարգիր՝ մեկ բեռնատարի համար, անկախ նրանից, թե քանի ապրանքատիրոջ բեռ է ներսում:
Տարանցման հայտարարագիրը լրացվում է բեռը տեղափոխող տրանսպորտային կազմակերպության կամ վարորդի անունով։ Ապրանքը երկրի ներսում արդեն պահեստ տանելու և մաքսազերծելու փուլում նոր հանձնվում է տնտեսվարողին։ Որպեսզի այդ ընթացքում որոշ խմբաքանակներ, այսպես ասած, տակով չարվեն: ՊԵԿ-ը փոխադրողի տվյալների հետ բազա է մուտքագրում նաև ապրանքը ստացողների ցանկը՝ ո՞վ ի՞նչ քաշի ի՞նչ է ներմուծում։
Արտեմ Կարապետյան - Նաև ծրագրային փոփոխություն է արվել: Այսօր մենք հնարավորություն ունենք, անկախ նրանից, թե բեռնատարի տրանսպորտային կազմակերպության ում անունով է լրացվել հայտարարագիրը, մենք նաև հսկողություն ենք կարողանում իրականացնել բուն ստացողների նկատմամբ:
Մաքսայինն իր գործը բարդացրել է, բայց սա միակ լուծումն է, պարզվում է։ Բանն այն է, որ՝ Հայաստան եկող խառը բեռները հարևան Վրաստանը մեկ հայտարարագրով է ձևակերպում, մեքենաները սահմանն արագ հատում՝ մեր կողմում մեծ կուտակումներ էին առաջացնում ինչպես Բագրատաշենում, այնպես էլ Բավրայում։ Հիմա ձևակերպումները նույն արագությամբ կլինեն նաև հայկական ծառայությունում։ Նորամուծությունը վերաբերում է երրորդ երկրներից ներմուծվող խառը բեռներին՝ լինի կոնտեյներով Եվրոպայից բերվող սնունդ թե մի թամբակի վրա տարբեր մարդկանց անունով ԱՄՆ-ից ուղարկված մեքենաներ։
«Մեկ բեռնատարը՝ մեկ հայտարարագիր» մոտեցումը կկրճատի և՛ ձևակերպումների ժամկետը, և՛ գործի ծավալը՝ փետրվարի վերջին նիստում Կառավարությանը վստահեցրեց ՊԵԿ ղեկավարը։
Որոշումը 10 օր է, ինչ ուժի մեջ է մտել: Մի շարք կարգավորումներ դեռ ընթացիկ շտկումների կարիք ունեն, բայց մաքսակետերում ձևակերպումների տևողությունն արդեն իսկ կրճատվել է՝ արձանագրում է Արտեմ Կարապետյանը։
Արտեմ Կարապետյան - էս գործընթացի արդյունքում մենք արձանագրել ենք 40-50 տոկոս ժամանակի խնայողություն:
Թվաբանությունը դեռ կփոխվի, որովհետև հավաքական բեռով մեքենայի համար յուրաքանչյուր խմբաքանակի 15-20 րոպե տևող ձևակերպման փոխարեն հիմա լրացվում է տարանցիկ միայն մեկ հայտարարագիր։