Հ.Բ.-ն (Հայկազ Բաղմանյան), 2009 թվականի հունվարի 26-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 5-ը զբաղեցնելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը, ապա՝ 2018 թվականի մարտի 22-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնը, 2017, 2018, 2019 և 2020 հայտարարագրերում թաքցրել է գույքերի և եկամուտների վերաբերյալ տվյալները:
Մասնավորապես՝ Հ.Բ.-ն 2018 թվականի փետրվարի 26-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) է ներկայացրել հայտարարագիր, որում նշել է, որ իր անվամբ շարժական գույքեր առկա չեն, դրամական միջոցներ չունի, իսկ որպես եկամուտ՝ հայտարարագրել է 6.43 դրամ, մինչդեռ 2017 թվականի դեկտեմբերի 5-ի դրությամբ, վերջինիս անվամբ հաշվառված են եղել 102 մլն 665 հազար դրամով ձեռք բերված MERCEDES-BENZ S500L 4MATIC, MERCEDES-BENZ S450 4MATIC և VAZ 21011 մակնիշների ավտոմեքենաներ:
Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ նրա բանկային հաշվեհամարներին առկա է եղել տարբեր արժույթներով շուրջ 2 մլն 37 հազար 125 դրամին համարժեք գումար, բացի դրանից՝ նշված ժամանակահատվածում Հ.Բ.-ի բանկային հաշվեհամարները եկամտի տեսքով համալրվել են շուրջ 174 մլն 358 հազար 867 դրամով:
2018 թվականի մարտի 22-ից Հ.Բ.-ն նշանակվել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնին: 2018 թվականի հունիսի 29-ին Հանձնաժողով է ներկայացրել հայտարարագիր՝ նշելով, որ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ իր անվամբ առկա է MERCEDES-BENZ S500 մակնիշի ավտոմեքենա, ունի 864 հազար 493 ՌԴ ռուբլի, որը 2018 թվականի մարտի 22-ի դրությամբ, համարժեք է եղել 7 մլն 296 հազար 320 դրամին: Մինչդեռ Հ.Բ.-ի անվամբ հաշվառված են եղել MERCEDES-BENZ S450 4MATIC և VAZ 21011 մակնիշների ավտոմեքենաներ, բանկային հաշվեհամարներին առկա է եղել տարբեր արժույթներով շուրջ 14 մլն 904 հազար 669 դրամ (հայտարարագրած գումարից 7 մլն 608 հազար 349 դրամով ավելի):
2019 թվականի ապրիլի 12-ին ներկայացրած տարեկան հայտարարագրում Հ.Բ.-ն նշել է, որ հարկային տարում շարժական գույք չի օտարվել, որպես եկամուտ՝ հայտարարագրել է ՀԱՊԿ-ից որպես աշխատանքի վարձատրություն ստացված 2 մլն 880 հազար ՌԴ ռուբլի: Մինչդեռ 2018 թվականի հունիսի 23-ին, Հ.Բ.-ն իր անվամբ հաշվառված MERCEDES-BENZ S450 4MATIC մակնիշի ավտոմեքենան նվիրատվության պայմանագրով օտարել է դստերը: Բացի դրանից՝ 2018 թվականի ընթացքում Հ.Բ.-ի բանկային հաշվեհամարները եկամտի տեսքով համալրվել են շուրջ 28 մլն 747 հազար 168 դրամով, որում ներառված չի եղել ՀԱՊԿ-ից որպես աշխատանքի վարձատրություն ստացված գումարը:
Հ.Բ.-ն, 2020 թվականի մայիսի 19-ին ներկայացրած տարեկան հայտարարագրում նշել է, որ տվյալ տարվա սկզբում իր անվամբ հաշվառված է MERCEDES-BENZ S500 մակնիշի ավտոմեքենա, իսկ որպես եկամուտ՝ հայտարարագրել է ՀԱՊԿ-ից որպես աշխատանքի վարձատրություն 3 մլն ՌԴ ռուբլի: Մինչդեռ հայտարարագրման տարվա սկզբում Հ.Բ.-ի անվամբ հաշվառված է եղել VAZ 21011 մակնիշի ավտոմեքենա, իսկ բանկային հաշվեհամարները եկամտի տեսքով համալրվել են շուրջ 20 մլն 579 հազար 945 դրամով, որում ներառված չի եղել ՀԱՊԿ-ից որպես աշխատանքի վարձատրություն ստացված գումարը:
2021 թվականի մարտի 1-ին ներկայացրած հայտարարագրում Հ.Բ.-ն նշել է, որ իր անվամբ հաշվառված է MERCEDES-BENZ S500 մակնիշի ավտոմեքենա, իսկ որպես եկամուտ՝ հայտարարագրել է ՀԱՊԿ-ից որպես աշխատանքի վարձատրություն 2 մլն 940 հազար ՌԴ ռուբլի: Մինչդեռ Հ.Բ.-ի անվամբ հաշվառված է եղել VAZ 21011 մակնիշի ավտոմեքենա, բացի այդ, 2020 թվականի ընթացքում՝ մինչև պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ, Հ.Բ.-ի բանկային հաշվեհամարները եկամտի տեսքով համալրվել են շուրջ 196 մլն 330 հազար 475 դրամով, որում ներառված չի եղել ՀԱՊԿ-ից որպես աշխատանքի վարձատրություն ստացված գումարը:
Դատախազի որոշմամբ, 2023 թվականի մարտի 6-ին Հ.Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 01.08.2003 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (5 դրվագ), որը համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 2-րդ մասին (Հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը, որը հանգեցրել է գույքի և առանձնապես խոշոր չափերով եկամուտների չհայտարարագրմանը):
Հ.Բ.-ի նկատմամբ կիրառվել է համակցված այլընտրանքային խափանման միջոցներ, այդ թվում՝ բացակայելու արգելքը:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: