ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ամերիկյան Microchip Technology ընկերության փոխնախագահ Բրյուս Վեյերին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը ողջունել է միկրոէլեկտրոնիկա արտադրող Microchip Technology-ի մուտքը Հայաստան և հայկական Instigate Semiconductor ընկերության հետ համագործակցությունը, որի շրջանակում Microchip Technology-ն մասնաճյուղ կբացի Հայաստանում։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՏՏ բնագավառի զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, և ռազմավարական այս ոլորտում շարունակաբար կայուն աճ է արձանագրվում:
«Մենք կարևորում ենք հեղինակավոր ՏՏ ընկերությունների ներգրավումը հայաստանյան շուկա և պատրաստակամ ենք աջակցել ներդրումային գործընթացին, ինչը կխթանի նորարարությունների աճը մեր տնտեսությունում»,- ասել է վարչապետը և հիշատակել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի գործունեությունը՝ ընդգծելով, որ կառույցի կողմից ներդրողների հետ իրականացվում է թիրախային աշխատանք:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին բարձր գնահատականի համար՝ Բրյուս Վեյերը նշել է, որ Microchip Technology-ն հետաքրքրված է հայկական տեխնոլոգիական շուկայում ծրագրերի իրականացմամբ և նախատեսում է գործունեություն ծավալել ծրագրային ապահովման, միկրոչիպերի արտադրության, ոլորտային կրթության ուղղություններով, նպաստել ՀՀ տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը:
Նշվել է, որ Instigate Semiconductor-ը գրասենյակներ ունի Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Իջևանում և ծրագրում է ընդլայնել գործունեությունը:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում փոխգործակցության շուրջ:
Վարչապետն անդրադարձել է Կառավարության տնտեսական բարեփոխումների օրակարգին, ներկայացրել տեխնոլոգիական ոլորտի ծրագրերը և նշել, որ ոլորտի առաջնահերթության մասին է վկայում նաև Կառավարության կողմից համապատասխան ինստիտուտի՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ստեղծումը:
Բրյուս Վեյերն իր հերթին նշել է, որ Microchip Technology ընկերությունը հետաքրքրված է երկարաժամկետ համագործակցությամբ և հեռանկարային է համարում նաև տիեզերական հետազոտությունների ոլորտում գործընկերությունը: