Թուրքիայի ընդդիմադիր «Ազգ» դաշինքը առաջիկա նախագահական ընտրություններում որպես միասնական թեկնածու կառաջադրի Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուին: Ձեռք բերված համաձայնության մասին վեց կուսակցությունները հայտարարել են Անկարայում կայացած հանդիպումից հետո։
«Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները, որը նախորդ շաբաթ հակասությունների պատճառավ հայտարարել էր դաշինքից հեռանալու մասին, վերադարձել է: Տարաձայնությունների հաղթահարմանը նպաստել է որոշումը, որի համաձայն՝ Քըլըչդարօղլուի հաղթանակի դեպքում Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն և Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը կշանակվեն փոխնախագահների պաշտոններում:
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՏԵԼ Է 46 000-Ը. ԷՐԴՈՂԱՆ
Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հատել է 46 000-ը՝ հայտնել է Ռեջեփ Էրդողանը: Նրա խոսքով՝ երկրի իշխանությունները լի են վճռականությամբ՝ կարճ ժամանակում վերականգնել աղետից ավերված շրջանները:
«Մեր նպատակն է առաջիկա երկու ամիսների ընթացքում սկսել 244 000 շենքի և 75 000 գյուղական տան շինարարություն»,- ասել է Էրդողանը, հավելել՝ դրանցից 22 հազարի շինարարությունն արդեն սկսվել է։
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՇՈՒՐՋ ԿՐՔԵՐԸ ՉԵՆ ՀԱՆԴԱՐՏՎՈՒՄ
Վրաստանում «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագծի շուրջ կրքերը չեն հանդարտվում՝ ծեծկռտուք՝ խորհրդարանում, ցույցեր՝ օրենսդիրի մարմնի շենքի դիմաց: Օրինագծի ընդդիմախոսները նշում են, որ վրացական իշխանությունները փորձում են որդեգրել «օտարերկրյա գործակալների» դեմ պայքարի ռուսական փորձը, Վրաստանին շեղել եվրաինտեգրման ճանապարհից և ճնշել այլախոհությունը:
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը խորհրդարան է ներկայացրել ընդդիմադիր «Ժողովրդի ուժ» շարժումը: Դրա համաձայն՝ առաջարկվում է ստեղծել ռեեստր այն հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների և սուբյեկտների համար, որոնք ֆինանսավորման ավելի քան 20 տոկոսը ստանում են արտերկրից:
Իշխող «Վրացական երազանքը» աջակցում է նախագծին: Կուսակցության գործադիր քարտուղարը հայտնել է, որ օրինագիծը խորհրդարանի լիագումար նիստում կքննարկվի մարտի 9-ին։ Նրա խոսքով՝ ևս մեկ թեժ շաբաթ է սպասվում:
ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱԽՄՈՒՏԻ ՇՈՒՐՋ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է երկրի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի և ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկիի հետ: Նրանք քննարկել են մարտի դաշտում, մասնավորապես՝ Բախմուտի շուրջ ստեղծված իրավիճակը: Գեներալները հայտարարել են, որ հարկավոր է ամրապնդել Բախմուտի դիրքերը և շարունակել պաշտպանական գործողությունները։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակն էլ նշել է, որ Բախմուտի պաշտպանական ուժերը հասան իրենց առջև դրված նպատակներին և այն ռազմավարական մեծ հաջողություն դարձավ Ուկրաինայի բանակի համար։ «Ուկրաինային անհրաժեշտ էր ժամանակ շահել ու մեծ կորուստներ պատճառել ռուսական բանակին, ինչպես նաև նախապատրաստվել հակահարձակման»,- ասել է Պոդոլյակը։
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն էլ հայտարարել է, որ ռուսական կողմը շարունակում է Բախմուտի նկատմամբ վերահսկողություն հաստատելու փորձերը: Նրա խոսքով՝ քաղաքը Դոնբասում ուկրաինական զորքերի պաշտպանության կարևոր հանգույց է և հետագայում թույլ կտա հարձակողական գործողություններ սկսել Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանության խորքում:
Հիշեցնենք՝ ավելի վաղ՝ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավարը հայտարարել էր, որ ռուսական ուժերը գրեթե շրջափակել են Բախմուտը: Նրա խոսքով՝ մնացել է վերցնել ընդամենը 1 ճանապարհ:
ԵՄ-Ն ՊԵՏՔ Է ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԳԱ ՌՈՒՍԱԿԱՆ ՆԱՎԹԻ ԳՆԻ ՇՈՒՐՋ
ԵՄ երկրները մինչև մարտի վերջ պետք է համաձայնության գան ռուսական նավթի գնի վերին սահմանաչափի հետ կապված և թույլ չտան Ռուսաստանին հավելյալ արտոնություններ ստանալ՝ հայտարարել է Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Ռեյնսալուն։
Նա նաև ընդգծել է՝ հարկավոր է «բարեկամական ճնշում գործադրել» Ռուսաստանի հարևան երկրների վրա, որ նրանք չօգնեն Ռուսաստանին շրջանցել ԵՄ հակառուսական պատժամիջոցները։
ՌԴ-Ն ԱՄՐԱՊՆԴՈՒՄ Է ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՍԼԱՄԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ
Իսլամական աշխարհի երկրների հետ հարաբերությունների ամրապնդումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է` հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ռուսաստանը՝ եվրասիական ամենամեծ ուժը, պետությունը և քաղաքակրթությունը, ազնիվ հարաբերություններ է պահպանում իսլամական աշխարհի հետ», - ասել է Ռուսաստանի գլխավոր դիվանագետը:
Լավրովը նշել է, որ Ռուսաստանը մահմեդական երկրների հետ հանդես է գալիս ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների վրա հիմնված ավելի ժողովրդավարական և բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման օգտին և մերժում Արևմուտքի պարտադրած ուլտրալիբերալ արժեքները:
ԱՄՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ԻՐԱՔ
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն մերձավորարևելյան շրջագայության շրջանակում չհայտարարված այցով մեկնել է Իրաք՝ քննարկելու անվտանգության հետ կապված հարցեր՝ հայտնում են լրատվամիջոցները:
Պենտագոնի ղեկավարը մտադիր է նաև այցելել Էրբիլ՝ հանդիպելու Իրաքյան Քրդստանի ղեկավարության հետ։ Լլոյդ Օսթինը նշել է, որ Իրաք այցով վերահաստատում է Վաշինգտոնի և Բաղդադի միջև ռազմավարական գործընկերության կարևորությունը։
«Շարժվում ենք դեպի ավելի ապահով, կայուն և ինքնիշխան Իրաք», - Twitter-ի էջում գրել է Օսթինը: