ՀՀ Արմավիրի մարզպետարանում մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ անցկացվել է հանդիպում-քննարկում «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործարկման ղեկավար Անուշ Աբգարյանի, համայնքի ղեկավարների և մարզպետարանի ոլորտային ղեկավարները հետ՝ մարզում «Թումո» կենտրոնների հիմնման և նոր տուփերի բացման ծրագրի իրականացման հետ կապված հարցերի շուրջ։
Հանդիպման սկզբում Անուշ Աբգարյանը ներկայացրել է ծրագիրը, ըստ որի՝ ուսանողները «ԹՈՒՄՈ» կրթական ծրագրի մաս կազմող ինքնուսուցման փուլը անցնելու են տուփում, իսկ Թումոյի գործնական դասընթացների համար ուղևորվելու են Արմավիր և Էջմիածին քաղաքներ, որտեղ տեղակայված են լինելու ԹՈՒՄՈ կենտրոնները։ Յուրաքանչյուր «ԹՈՒՄՈ» տուփ հնարավորություն է տալու տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում կրթությամբ ապահովել տարեկան շուրջ 320 պատանու։ Բացի «ԹՈՒՄՈ» հիմնական ծրագրից, առավոտյան ժամերին տուփը կարող է օգտագործվել այլ կրթական ծրագրեր իրականացնելու համար։
Աշակերտներն այստեղ սովորելու են 14 ծրագիր, այդ թվում՝ ծրագրավորում, գծագրություն, մոդելավորում, գրություն, երաժշտություն, անիմացիա, խաղերի պատրաստում, ռոբոտաշինություն և այլ մասնագիտություններ։
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, ողջունել է ծրագրի շրջանակներում` 2023-2025 թվականների ընթացքում, մարզի երկու քաղաքներում (Վաղարշապատ և Արմավիր) Թումո կենտրոններ կառուցելու և այդ կենտրոններին վեց Թումո տուփեր կցելու, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Սիմոնյան կրթական հիմնադրամի նախաձեռնությունը և հայտնել է իր պատրաստակամությունը Արմավիրի մարզում ծրագրի իրականացմանն աջակցելու հարցում։
Քննարկման ընթացքում մարզպետը մանրամասն դիտարկել է ծրագրով նախատեսված կենտրոնների և տուփերի տեղորոշման ընտրությունը՝ հանդես գալով համապատասխան առաջարկություններով։
«Ելնելով Արմավիրի մարզի տարածքային առանձնահատկությունից՝ նպատակահարմար եմ համարում, որ ունենանք երեք կենտրոն (Արմավիր, Վաղարշապատ և Մեծամոր քաղաքներում) և 7 տուփ։ Մենք պետք է համատեղ որոշում կայացնենք՝ «ԹՈւՄՈ» տուփեր բացել մարզի այն բնակավայրերում, որոնք իրենց աշխարհագրական դիրքով հասանելի կլինեն հարակից համայնքների դպրոցականների համար: Պետք է հաշվի առնենք նաև բնակչության, սովորող աշակերտների և ուսանողների թվաքանակը, համայնքների հեռավորությունը, աշակերտների տեղափոխման հնարավորությունները»,- նշել է Էդվարդ Հովհաննիսյանը։
Կողմերը պայմանավորվել են առաջիկայում հստակեցնել «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տուփերի տեղադրման վայրերը և քայլ առ քայլ իրականացնել հաստատված ծրագիրը։