Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Թեհրանում հանդիպել է Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Չան Մինի հետ, ընդգծել իր երկրի վճռականությունը ՇՀԿ-ին անդամակցելու հարցում:
Կազմակերպության գլխավոր քարտուղարին ընդունել է նաև Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին: Քննարկվել են կազմակերպությանը Թեհրանի անդամակցելու հեռանկարները:
«Մենք ՇՀԿ-ն դիտարկում ենք որպես անկախ և ուժեղ երկրների համագործակցության ինստիտուտ: Կազմակերպության բազմակողմ մոտեցումը վկայում է այն մասին, որ նրա գործունեությունը բացառապես արարողակարգային բնույթ չի կրում, այլ համապատասխանում է անվտանգության և քաղաքականության ոլորտում երկրների կարիքներին»,- ասել է Բաղերին:
Նրա խոսքով՝ ՇՀԿ-ն հավատարիմ է երկրների անկախության և ինքնիշխանության պահպանման սկզբունքին:
Իր հերթին, Չան Մինը շնորհակալություն է հայտնել Թեհրանին ՇՀԿ-ին անդամակցելու ձգտման համար և հայտարարել, որ Իրանը ազդեցիկ երկիր է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային մակարդակով: