«Նոր Զովք» ընկերության կալանավորված սեփականատերը, տնօրենն ու գլխավոր հաշվապահը, ինչպես նաև հանցավոր մեխանիզմի կիրառմանը ենթադրաբար տեխնոլոգիական-ծրագրային աջակցություն ցուցաբերած այլ ընկերության սեփականատերը չեն ընդունում մեղադրանքը: Ըստ հարուցված քրեական վարույթի՝ 2019-2023 թվականների ընթացքում «Զովք» սուպերմարկետների ցանցը թերհայտարարագրել է շուրջ 13 մլրդ դրամ, որի հետևանքով պետական բյուջե չի վճարել ավելի քան 4 մլրդ դրամի ավելացված արժեքի հարկ և շահութահարկ: Դատարանում ընկերության շահերը պաշտպանող Երեմ Սարգսյանը նշում է՝ խնդիրը տեխնիկական է ու բացահայտվել է ավելի շուտ:
Երեմ Սարգսյան (պաշտպան) - Ամբողջ խնդիրն այն է, որ ծրագրային ինչ-որ ապահովման միջոցով նման գործընթացներ են տեղի ունենում, հիմա պետք է պարզվի՝ այս գործընթացները դիտավորությո՞ւն են, թե՞ ծրագրային խնդիր է: Որովհետև, երբ քննչական մարմինն ասում է՝ լրամշակված ծրագիր է ներդրված, մենք դատարանում ասում ենք՝ խնդրում ենք ցույց տվեք՝ լրամշակմամբ ինչ է տեղի ունեցել: Այսինքն՝ ճանապարհը պետք է ցույց տաս, պետք է ցույց տաս ծրագիր, պետք է ցույց տաս լրամշակումը և ամբողջ ճանապարհը, որ այս լրամշակման արդյունքում այս խնդիրը եղել է: Եթե սա չես բացահայտել, ուրեմն կարող է ուրիշ ծրագրային խնդիր է, և այս խնդիրը չբացահայտելով ասել, որ այստեղ հանցագործություն է, կարծում եմ՝ խիստ շտապում են, և այստեղ պետք է փորձաքննությունների միջոցով այս հանգամանքը պարզաբանվեր:
Ենթադրյալ հանցագործության հանգամանքները պարզելու համար պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները «Զովք» սուպերմարկետների ցանցի տարբեր մասնաճյուղերից 2022 թվականի հոկտեմբերին իրականացրել են 35 հսկիչ գնում, որոնցից 26-ի դեպքում հայտնաբերել են իրավախախտման դեպքեր: Այժմ վարութային ու ապացուցողական գործողություններ են կատարվում՝ պարզելու՝ արդյոք թերհայտարարագրված հարկման բազան գերազանցո՞ւմ է 13 մլրդ դրամը:
Սպարտակ Պողոսյան (ՀՀ ՔԿ ՏՀՄՔ ԳՎ առաջին վարչության պետի տեղակալ) - Երկու դեպքում կազմակերպության կողմից տրամադրվել են ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված վավերապայմաններին չհամապատասխանող կտրոններ: Մյուս դեպքերում գնորդին տրամադրվել են կտրոններ, որոնցում արտացոլված են կատարված գնման ամբողջ արժեքն արտացոլող տվյալներ, սակայն կազմակերպության կողմից հարկային մարմին են ուղարկվել տեղեկություններ, հաշվետվություններ, որոնցում այս տվյալներն ավելի պակաս են ներկայացվել:
Պաշտպանական կողմը հիմնավորված չի համարում 4 մեղադրյալի կալանավորումը: Մինչդեռ Քննչական կոմիտեից նշում են՝ կալանքից բացի այլ խափանման միջոցներն ի զորու չեն ապահովելու մեղադրյալների պատշաճ վարքագիծը, ինչը հաստատվել է նաև դատարանի որոշումներով:
Սպարտակ Պողոսյան - Խուզարկությունների ընթացքում և դրան հաջորդած ժամանակահատվածում մեղադրյալների կողմից փորձ է կատարվել անօրինական ազդեցություն գործադրելու վարույթով անցնող անձանց նկատմամբ, ինչպես նաև թաքցնելու ապացույցներ»:
Երեմ Սարգսյան - Ասում են՝ Արամ Արամյանը խոչընդոտել է գործի քննությանը, ասում ենք՝ ինչո՞վ, ասում են՝ գիտեք ինչ կա, երբ իր տունը եկել էին խուզարկություն կատարելու, Արամ Արամյանը զանգահարել է որդուն, ասել է՝ թույլ չտաս, որ օպերատիվ աշխատակիցները մտնեն տուն: Դրանից հետո փաստաբանն է վերցնում հեռախոսը, խոսում է քննիչի հետ և նույն բանը փաստաբանն է ասում, ասում է՝ կա՞ որոշման մեջ դատարանի, որ օպերատիվ աշխատակիցները պետք է մասնակցեն, ասում է՝ ոչ, խնդրում եմ, որ չմասնակցեն: Փաստաբանը խորհուրդ է տվել Արամ Արամյանին, որ իր որդուն ասել է, որ դատարանի որոշման մեջ եթե չկա, թույլ չտաք, թույլ չտաք, որ խանութները փակեն: Ասում են՝ այ, տեսեք, քանի որ որդուն ցուցում է տվել, դա նշանակում է, որ ինքը ինչ-որ ձևով խոչընդոտել է:
«Նոր Զովք» ընկերությունն անընդունելի է համարում նաև սուպերմարկետների ցանցի բնականոն աշխատանքի համար անհրաժեշտ ծրագրի առգրավումը: Պաշտպան Երեմ Սարգսյանի խոսքով՝ ծրագրի գոնե կրկնօրինակը ստանալու համար դիմել են գլխավոր դատախազին և Քննչական կոմիտեի նախագահին: Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան