ԿԳՄՍՆ Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում տեղի է ունեցել 2022 թ. համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի ցուցահանդեսի բացման և հաղթողների պարգևատրման արարողությունը:
2022 թ. մրցույթ-փառատոնը կրել է «Ինքնաճանաչում. Էրեբունի» խորագիրը, որն անցկացվել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ:
Մրցույթ-փառատոնին կարող էին մասնակցել 6-18 տարեկան արվեստասեր և ստեղծագործական շնորհով օժտված հայ մանուկները և պատանիները, ինչպես նաև Հայաստանի, Արցախի և սփյուռքի բոլոր տեսակի կրթօջախների սաները, պարզապես ստեղծագործող, սակայն որևէ մասնագիտական հաստատություն չհաճախող երեխաները:
Միջոցառման նպատակն էր սփյուռքում, Հայաստանում և Արցախում նպաստել ճարտարապետությամբ, տեղակայմամբ և ներկայացվող նյութով բացառիկ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և այնտեղ ներկայացված Վանի թագավորության հնագիտական ժառանգության վերաբերյալ իմացության ճանաչման և ընդլայնմանը:
Մրցույթը-փառատոնն իրականացվել է մի քանի հաջորդական փուլերով: Առաջին փուլում մրցույթ-փառատոնին մասնակցելու համար գրանցվել են 3113 հայ երեխաներ ու պատանիներ Հայաստանից, Արցախից և աշխարհի 14 երկրից (ԱՄՆ, Ավստրիա, Արգենտինա, Բելգիա, Գերմանիա, Էստոնիա, Լեհաստան, Լիբանան, Հորդանան, Շվեդիա, ՌԴ, Սիրիա, Վրաստան, Ֆրանսիա)։
Մասնագիտական ժյուրին ցուցահանդեսին մասնակցության համար ընտրել է 158 աշխատանք՝ Հայաստանից, Արցախից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Լիբանանից, Սիրիայից, ՌԴ-ից և Վրաստանից։
Մասնակիցների նախնական գրանցումից հետո վերակազմող, ճարտարապետ Ռուբեն Սարգսյանը հինգ օր առցանց դասընթացներ է անցկացրել մասնակիցների համար՝ ծանոթացնելու թանգարանում ներկայացված նյութին և պատմական այդ շերտի մանրամասներին։
Առցանց դասընթացների արդյունքում ձեռք բերված գիտելիքներն ու տպավորությունները մասնակիցներն ամբողջացրել են կերպարվեստի զանազան տեխնիկաներով և արվեստի ժամանակակից ուղղություններով ստեղծված աշխատանքների տեսքով՝ ներկայացնելով պատմական այդ շրջանի սեփական մեկնաբանությունը։
Մասնագիտական ժյուրին ընտրել է լավագույն աշխատանքները, որոնք էլ ներկայացվել են ամփոփիչ ցուցահանդեսի շրջանակում։ Վերջիններից էլ առանձնացվել են հաղթողները, որոնց անուններին կարելի է ծանոթանալ Գեղագիտության ազգային կենտրոնի կայքում: