2023 թ. մարտի 6-ին՝ ժամը 17:20-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 13:30-ի սահմաններում, Կապան քաղաքի Ձորք թաղամասի շենքերից մեկի հարևանությամբ, նույն քաղաքի 51-ամյա բնակիչը, իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, վրաերթի է ենթարկել նախկին կնոջը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և թողնելով անօգնական վիճակում՝ հեռացել է:
Նույն օրը ստացվել է նաև «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ահազանգն այն մասին, որ «գլխուղեղի ցնցում, դեմքի աջ և ձախ վերջույթների սալջարդ վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել վերոնշյալ կինը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի (Սպանությունը) 2-րդ մասի 9-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում 51-ամյա տղամարդու նախկին կինը ճանաչվել է տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կապան քաղաքի 51-ամյա բնակիչը ձերբակալվել է անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով:
Նշենք, որ 51-ամյա տղամարդը 2014 թ. մայիսի 30-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել նույն թվականի մարտի 13-ին ընտանեկան հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իրեն ամրակցված MP654-K մոդելի օդաճնշիչ ատրճանակից նախկին կնոջ դեմքի և գլխի ուղղությամբ կրակոցներ արձակելու, ձեռքով և ոտքերով վերջինիս հարվածներ հասցնելու՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու համար, և որպես պատիժ նշանակվել է տուգանք:
Եվս մեկ՝ 2016 թ. սեպտեմբերի 23-ին կայացված դատավճռով՝ կնոջը հոգեբանական հարկադրանքի ձևով վախեցնելու նպատակով սպանության սպառնալիքներ տալու, վախի, տագնապի, անհանգստության զգացում առաջացնելու համար առաջադրված մեղադրանքում 51-ամյա տղամարդն արդարացվել է:
Նախաքննությունը շարունակվում է: