Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նիստում օտարերկրյա գործակալների մասին վրացական և ամերիկյան օրինագծերի քննարկումը տեղի է ունենում օրենսդիր մարմնի շենքի առջև կազմակերպված հանրահավաքի ֆոնին։ Երկուշաբթի բողոքի ակցիան հեռարձակում են տեղական հեռուստաալիքները։
Ոչ կառավարական կազմակերպությունների, կուսակցությունների ներկայացուցիչները, ինչպես նաև քաղաքացիական ակտիվիստները վաղ առավոտից հավաքվել են խորհրդարանի կենտրոնական և ծառայողական մուտքերի մոտ, որպեսզի բողոքարկեն օտարերկրյա գործակալների մասին օրինագծերի քննարկումը: Ցուցարարները պահանջում են չընդունել օրենսդրական նախաձեռնությունը, քանի որ դա հակասում Է Վրաստանի եվրոպական քաղաքականությանը, գրում է Aliq.ge-ն:
Օրինագծերից առաջինը ենթադրում է «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար աղբյուրները։
Երկրորդը՝ ԱՄՆ-ում նացիստական քարոզչությունը կանխելու համար 1938 թվականին ընդունված ամերիկյան FARA օրենքի թարգմանությունն է, որը վերաբերում է օտարերկրյա լոբբիստական կազմակերպություններին և լոբբիստներին։
Oրինագծերը քննադատել են Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը, ԵՄ-ն և ՄԱԿ-ի ներկայացուցչությունները, ՆԱՏՕ-ն, միջազգային այլ կառույցներ և եվրախորհրդարանականներ:
Մինչդեռ Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների և պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովները հավանություն են տվել օրինագծերին և մերժել են նախաձեռնության նմանությունը ռուսական օրենսդրության հետ:
Երկուշաբթի հայտնի դարձավ, որ օրինագծի երկու տարբերակներն էլ կուղարկվեն Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը, իսկ մինչ այդ խորհրդարանը կքվեարկի առաջին ընթերցմամբ։