Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան՝ կառույցի 2022 թ. գործունեության հաշվետվությանը ծանոթանալու նպատակով:
Ատոմակայանի ղեկավար կազմը նշել է, որ 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը լրացել է 2016- ին, և իրականացված արդիականացման լայնածավալ աշխատանքների շնորհիվ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացվել է 10 տարով։ Արդյունքում՝ 1995թ. ի վեր առաջին անգամ ատոմակայանն աշխատում է 100 տոկոս ջերմային հզորությամբ՝ 92 տոկոսի փոխարեն։
Զեկուցվել է, որ ընթացքի մեջ է թիվ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման նախագիծը. աշխատանքներն իրականացվելու են 2023-2026 թթ., մշակվել և Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի հետ համաձայնեցվել է հայեցակարգը, պատրաստ է Կառավարության որոշման նախագիծը, որով կմեկնարկի գործընթացը։ Ակնկալվում է, որ էներգաբլոկը հնարավոր կլինի անվտանգ շահագործել մինչև 2036 թվականը։
Անդրադարձ է եղել Հայաստանի էներգետիկայի ոլորտի ռազմավարության հեռանկարներին, որով նախատեսվում է մինչև 2040 թ. զարգացնել ցածր ածխածնային արտանետումներով էներգիայի արտադրությունը՝ վերականգնվող և միջուկային էներգիայի արտադրությամբ: Այս համատեքստում ներկայացվել է միջազգային առաջատար փորձը:
Քննարկման առարկա են դարձել Հայկական ատոմակայանի հետագա գործունեության հետ կապված անելիքները՝ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացմանը, նոր էներգաբլոկի կառուցմանը, կադրերի մասնագիտական վերապատրաստմանը, միջազգային գործակցությանը վերաբերող և այլ հարցեր:
Վարչապետը կարևորել է ատոմակայանի անվտանգ ու հուսալի շահագործման ուղղությամբ հետևողական աշխատանքը և կառավարման արդյունավետության շարունակական բարելավումը:
Կառավարության ղեկավարը նաև շրջայց է կատարել ատոմակայանի տարածքում, ծանոթացել էլեկտրաէներգիայի արտադրության տեխնոլոգիական շղթայում ներառված հիմնանորոգված համակարգերին ու սարքավորումներին, այդ թվում՝ բլոկի կառավարման վահանակի, տեղեկատվական-հաշվողական, նաև կայանի անվտանգ շահագործումն ապահովող այլ համակարգերի արդիականացման աշխատանքներին։