Մարզերում ուղևորափոխադրում իրականացնող միասնական օպերատորներն իրենց երթուղում նոր բնակավայրեր ավելացնելու դեպքում նոր մրցույթի չեն մասնակցի: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը առաջարկում է, որ ուղևորավճարի փոփոխությունն իրականացվի մրցութային հանձնաժողովի միջոցով և հաստատվի երթուղային ցանցը կազմակերպող լիազոր մարմնի որոշմամբ:
Օրենսդրական փոփոխությունների նախագիծը դրվել է շրջանառության մեջ:
Արմեն Սիմոնյան (ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ) - Պայմանական` դեպի Գառնի 500 դրամ է, և պետք է ևս 10 կմ այն կողմ գնա` այլ բնակավայր սպասարկելու: Եթե պայմանական մենք հաշվարկել ենք, որ 1 կմ արժեքը 15 դրամ է, ապա 10 կմ խորացնելու դեպքում մենք ևս 150 դրամ կավելացնենք այդ արժեքին, և վերջնական կկազմի 650 դրամ: Գառնիի սակագինը կմնա որպես միջանկյալ կանգառով սահմանված սակագին:
2020-ի դեկտեմբերին Կառավարությունը այս ոլորտում մրցույթները անցկացնելու նոր կարգ սահմանեց, ըստ որի փոխադրավարձը գնահատվում է մրցույթի ընթացքում` 1 կմ-ի միջինացված արժեքով: 10 տարի ժամկետով կնքված պայմանագրում ուղևորավարձի փոփոխություն հնարավոր է անել միայն օրենքով սահմանված օբյեկտիվ պատճառներով:
Արմեն Սիմոնյան - Wրպես oբյեկտիվ պատճառներ բերվում են գների փոփոխությունները, վառելիքի, քսայուղերի և այլ-այլ, օրինակ՝ աշխատավարձերի բարձրացումը, որոնք ազդեցություն են ունենում փոխադրման ինքնարժեքի վրա:
Երթուղում նոր ուղեգծեր ավելացնելու հանգամանքը օբյեկտիվ պատճառ չի համարվում: Օրենքի այս բացի հետևանքով, օրինակ՝ Կոտայքի մարզում միասնական օպերատորը խնդրի առաջ է կանգնել:
Արթուր Դալլաքյան («Մուլտի տրանսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն) - Կային փոքր գյուղեր, որոնք ցանցից դուրս էին, բայց որպեսզի նման գյուղերը օպերատորի սպասարկման տարածքից դուրս չմնային, մենք որոշեցինք, որպես սպասարկող ընկերություն, նման գյուղերը սպասարկել, բայց ունենք խնդիր՝ մրցութային կարգով սահմանված ուղևորավարձի հետ կապված:
Հանրապետությունում այս պահին գործող միասնական միակ օպերատորը ընտրության երկու տարբերակ ունի՝ կամ օրենքի սահմաններում հրաժարվի այդ գյուղերը սպասարկել, կամ խախտելով օրենքը՝ լիցենզիայից զրկվելու վտանգով՝ սպասարկի բնակիչներին:
Արթուր Դալլաքյան - Նման դեպքերում թե՛ օպերատորը, թե՛ տարածքային կառավարման միջոցով ուղևորավարձի հետ կապված քննարկումները արագ լինի վերջանա, ոչ թե հասնի էն բանին, որ մտածենք՝ մրցույթը տեղի ունենա-չունենա, տարիներ ձգվի, բայց համայնքը մնա առանց տրանսպորտի:
Կոտայքի օրինակով մյուս մարզերում ավելի հեշտ կիրականացվի միասնական օպերատորի համակարգի ներդրումը՝ վստահ են ոլորտը համակարգող նախարարությունում: Ի դեպ, Արարատում հաղթող ընկերությունը մինչև ապրիլի կես պետք է մեքենաները ներկրած լինի և սկսի շահագործել:
Եթե ժամկետներում չտեղավորվի, ապա օպերատորը կկորցնի երթուղիները սպասարկելու իրավունքը և կզրկվի գանձապետական հաշվեհամարին վճարած ավտոբուսների ընդհանուր արժեքի 1.5 տոկոս գումարից:
Արմավիրում մրցույթին հաջորդել է դատական գործընթացը, որը դեռևս չի հանգուցալուծվել: