2023 թվականին Շիրակի մարզի համայնքները տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 31 սուբվենցիոն ծրագիր են ներկայացրել՝ 130 ենթածրագրերով, որոնց նախնական արժեքը կազմում է 10 մլրդ 76 մլն դրամ։ Գումարի 53 տոկոսը Կառավարությունն է տրամադրելու՝ 5 մլրդ 344 մլն դրամ, համայնքի բյուջեի ֆոնդային մասը՝ 4 մլրդ 642 մլն դրամ (46.1%) է, այլ ներդրողները՝ 89 մլն դրամ (0.9%)։
Նախնական հայտերով՝ Գյումրին 6 մլրդ 92 մլն դրամի 9 ծրագիր է ներկայացրել, Ախուրյանը՝ 10 ծրագիր, Արթիկն ու Աշոցքը՝ 4-ական, 3 ծրագիր՝ Ամասիան։ Անի համայնքը 1 ծրագիր կշարունակի։ 31 ծրագրերի մեջ չեն ներառվել Անիի նախնական պլանավորած 7 ծրագրերը, որոնք ավագանի չունենալու պատճառով կներկայացվեն 2023-ի մայիսի վերջին։
Ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում ճանապարհաշինության իրականացմանը, փողոցների նորոգմանը, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանն ու մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանը, նորոգմանը, ինչպես նաև խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանը, լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազիֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ: