ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու ԱՄՆ պետքարտուղարի կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոն այսօր Բաքվում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման ընթացքն ու խաղաղ պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունները։ Զրույցի ընթացքում Ալիևը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև փետրվարի 18-ին Մյունխենում կայացած հանդիպման արդյունքների առթիվ։ Ադրբեջանի նախագահը նաև իր երախտագիտությունն է հայտնել Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից այդ ուղղությամբ գործադրվող մշտական ջանքերի համար:
Լուիս Բոնոն Բաքվում նաև ճեպազրույց է ունեցել՝ հայտարարելով՝ Միացյալ Նահանգները հանդես է գալիս որպես միջնորդ, ոչ թե հաշտարար: «Որպեսզի խաղաղ գործընթացը կայուն լինի, դա պետք է ցանկանան իրենք՝ կողմերը, և ոչ թե Միացյալ Նահանգները կամ որևէ այլ երկիր: Մեր խնդիրն է ստիպել կողմերին խոսել միմյանց հետ, առաջարկներ ներկայացնել և փոխանակել դրանք»,- ասել է Բոնոն։
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին՝ ԱՄՆ պետքարտուղարի խորհրդականը նշել է՝ գիտի Իլհամ Ալիևի կարծիքը Մինսկի խմբի մասին: «Իմ կարծիքն այն է, որ կողմերը պետք է նստեն միասին, և կապ չունի՝ դա Մինսկի խմբի կազմում է, թե մեկ այլ տեղ։ Ցավոք, ներկայումս Մինսկի խմբի անդամներից մեկը չի մասնակցում դրա աշխատանքներին»,- նշել է նա:
Անդրադառնալով Լաչինի միջանցքի խնդրին՝ նա հիշել է Մյունխենում պետքարտուղար Բլինքենի խոսքը, որ ճանապարհը պետք է բաց լինի բնակչության տեղաշարժի համար։
«Մենք գիտակցում ենք, որ անվտանգության խնդիր կա, սակայն անհրաժեշտ է, որ առաջին անհրաժեշտության ապրանքներն ու քաղաքացիական ապրանքները տեղափոխվեն և հասանելի լինեն Ղարաբաղի ժողովրդին»,- ասել է Բոնոն։
«Մեր նպատակն ու խնդիրն է վերջ տալ ադրբեջանցիների և հայերի տառապանքներին, որպեսզի այդ ժողովուրդները կարողանան խաղաղ գոյակցել»,- ամփոփել է նա։
Տարածաշրջանային այցի շրջանակում Լուիս Բոնոն կայցելի Երևան, ապա կմեկնի Թբիլիսի:
ՔԸԼԸՉԴԱՐՕՂԼՈՒՆ՝ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ
Թուրքիայի ընդդիմադիր դաշինքը մտադիր է Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին առաջադրել մայիսի 14-ի նախագահական ընտրություններում որպես ընդդիմության միասնական թեկնածու։ Օրեր առաջ, սակայն, ընդդիմադիր Մերալ Աքշեները հայտարարել էր, որ «վեցի դաշինքն» այլևս չի արտացոլում ժողովրդի իրական շահերը։
Ընդդիմադիրների միջև տարաձայնություններ են ծագել, երբ հինգ կուսակցություններ առաջարկել են Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի թեկնածությունը, իսկ մեկ կուսակցություն քննարկում էր Ստամբուլի և Անկարայի քաղաքապետներ Էքրեմ Իմամօղլուի և Մանսուր Յավաշի թեկնածությունները։
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՇՈՒՐՋ
Թեհրանն ու Վաշինգտոնը անուղղակի բանակցություններ են վարում միջուկային գործարքի վերականգնման շուրջ` հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակը: Նասեր Քանանին մանրամասնել է, որ Իրանն ու Միացյալ Նահանգները միջնորդների օգնությամբ ուղերձներ են փոխանակում, և այդ գործընթացի մի մասն էլ ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսիի այցն էր: Քանանին նշել է, որ Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի այցը Թեհրան այս կազմակերպության հետ Իրանի համագործակցության մեջ նոր գլուխ է բացել: Գրոսին մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել Իրանի բարձրագույն ղեկավարության հետ, որոնց համաձայն՝ Թեհրանը թույլ է տալու ԱԷՄԳ-ի տեսուչների այցելությունները երկրի միջուկային օբյեկտներ։
ԻՐԱՆԻ ԵՎ ՌԴ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԶՐՈՒՑԵԼ ԵՆ ՀԵՌԱԽՈՍՈՎ
Հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Ռուսաստանի նախագահները: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույցի ընթացքում դրական են գնահատել ռուս-իրանական հարաբերությունների զարգացման մակարդակն ու դինամիկան, տարբեր ոլորտներում երկկողմ գործակցության հարցեր: Նախագահները քննարկել են նաև համատեղ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման ընթացքը: Կողմերը պայմանավորվել են շարունակել հետագա շփումները։