Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի Սևան-Լճափ 13,2 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգման աշխատանքները ժամանակին և անխափան կազմակերպելու նպատակով մարտի 6-ին ընդունեցի ճանապարհաշինական աշխատանքներն իրականացնող «ԱԱԲ պրոյեկտ» ՍՊԸ կազմակերպության ներկայացուցիչներին։
Շեշտեցի, որ մինչև շինարարական աշխատանքների մեկնարկը հարկավոր է Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության հետ համատեղ ուսումնասիրությամբ վեր հանել հաստատված նախագծի, ճանապարհով անցնող այլ ենթակառուցվածքների նորոգման կամ տեղափոխման հետ կապված խնդիրները և ներկայացնել մեր քննարկմանը, որպեսզի կարողանանք դրանք ժամանակին կարգավորել համապատասխան գերատեսչությունների հետ համագործակցությամբ։
Ճանապարհի նորոգման արդյունքում ֆրեզված ասֆալբետոնյա հին շերտի հանույթը առաջարկվելու է համայնքներին՝ առաջնահերթությունը տալով դեպի դպրոց, մանկապարտեզ և բուժհաստատություններ տանող ճանապարհների հարթեցմանը կամ նորոգմանը։
Կարևորեցի նաև, որ աշխատանքների ընթացքում առաջացած շինաղբը պետք է տեղափոխել միայն նախագծով նախատեսված վայրեր՝ բացառելով ճանապարհաեզրերին դրանց կուտակումները։
Լսեցի նաև Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության և շինարարների կողմից ներկայացված մի շարք դիտարկումներ՝ կապված Ծավազարդի հատվածում բավարար տեսանելիության ապահովման նպատակով ճանապարհի շերտի իջեցման, ջրահեռացման համակարգի կառուցմանը խոչընդոտող որոշ քայլերի կարգավորման և այլ հարցերի հետ։
Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Սևան-Լճափ ճանապարհահատվածի միջին նորոգման ծրագրի իրականացման համար հատկացվել է 1 միլիարդ 277 միլիոն դրամ։
Շինարարական աշխատանքները գտնվում են մեկնարկային փուլում։