Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն ղեկավար կազմի, կենտրոնական մարմնի, Երևան քաղաքի և տարածքային ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ։ Քննարկվել է ծառայության 2023 թվականի փետրվար ամսվա ամփոփ հաշվետվությունը։
Տեսչական, վերլուծական բաժնի պետ Վահրամ Ենոքյանը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում հարուցված, վերսկսված, կարճված և ավարտված կատարողական վարույթների քանակական ցուցանիշը։
Զեկուցվել է, որ արձանագրված ցուցանիշներով՝ նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ, պետբյուջեի, իրավաբանական և ֆիզիկական անձանց օգտին, ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով բռնագանձված և հայցի ապահովմամբ վերականգնված գումարը շուրջ 24 տոկոսով ավելի է նախորդ տարվա համադրելի ցուցանիշից։
Քննարկվել են մի շարք ընթացիկ հարցեր ծառայության բաժինների կողմից կատարողական ցուցանիշների բարձրացման ուղղությամբ։ Գլխավոր հարկադիր կատարողի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ, մասնավորապես՝ կատարողական գործողությունների ժամկետների պահպանման, քաղաքացի-հարկադիր կատարող շփումների բարելավման ուղղությամբ։
Առանձնակի կարևորվել են քաղաքացու լսված լինելու, նրա խնդրին օրենքով սահմանված ժամկետում և ընթացակարգով լուծում տալու ուղղությամբ տարվող շարունակական աշխատանքը, ծառայությանը հասցեագրված դիմումներին, բողոքներին ժամանակին և ամբողջական պատասխան տալու անհրաժեշտությունը։ Շեշտվել է ուշադրություն դարձնել կատարողական վարույթների ընթացքում կայացված որոշումների իրավական հիմնավորվածությանը ևս։