Կարմրուկի կանխարգելման ամենագործուն միջոցը պատվաստումն է: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Ազգային օրացույցով սահմանված է իրականացնել պատվաստում 2 դեղաչափով, առաջինը՝ 1 տարեկան երեխաներին, երկրորդ դեղաչափն իրականացվում է 4-6 տարեկանում: Երկու դեղաչափով պատվաստված լինելու պարագայում վարակման հավանականությունը գրեթե բացառվում է: Առանձնահատուկ հորդորում ենք այն ընտանիքներին, որտեղ կան պատվաստման տարիքին հասած երեխաներ, անպայման պատվաստվեն, որովհետև դրանով նրանք պաշտպանում են նաև իրենց փոքր քույրիկ-եղբայրներին:
Բացի այդ, քաղաքացիները, ովքեր չեն հիշում կամ չեն պատվաստվել, կարող են դիմել ու պատվաստվել՝ կանխարգելելու հիվանդությամբ վարակվելը»,- ասաց Ավանեսյանը:
Նա հայտնեց, որ պացիենտների մեծ մասը Երևանից է:
Անդրադառնալով երկրում ստեղծված համաճարակաբանական իրավիճակին՝ Ավանեսյանը նշեց.
«2022 թվականից սկսած մեր տարածաշրջանում, նաև այլ տարածաշրջաններում կարմրուկով պայմանավորված իրավիճակը բավականին աշխույժ է: Վերջին ստացվող տեղեկատվությունների համաձայն՝ ակնկալում էինք, որ պետք է ներթափանցում լինի նաև ՀՀ: Համաճարակաբանական հսկողության արդյունքները և հետազոտությունները ցույց են տալիս, որ առաջին դեպքը Հայաստան է ներթափանցել արտերկրից, հիվանդացել է բալիկ, որից հետո վարակվել են նաև այլ անձինք»: