Մարտի 6-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կարմրուկի լաբորատոր հաստատված 20 դեպք,15-ը երեխաներ են: Վարակվածների վիճակը թեթև կամ միջին ծանրության է: Հոսպիտալացված են 19-ը:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Բուժական ողջ գործընթացը կազմակերպվում է անհրաժեշտ՝ ԱՀԿ-ի կողմից հաստատված և այս դեպքերում օգտագործվող միջազգային ուղեցույցների համապատասխան:
Հայաստանը համարվում է կարմրուկից ազատ երկիր: Վերջին բռնկումը 2006-ին էր, երբ վարակվել էր ավելի քան 4 հազար մարդ: Դրանից հետո միայն եզակի դեպքեր են գրանցվել: Բոլորն էլ՝ բերովի: Այս անգամ էլ առաջին վարակակիրը արտերկրից ժամանած երեխա է: Հետո արդեն հիվանդությունը սկսել է տեղային տարածում ստանալ: Ի դեպ, կարմրուկի ներթափանցումը Հայաստան անսպասելի չէր: Աշխարհի 27 երկրում, այդ թվում՝ մեր տարածաշրջանում, հիվանդության ակտիվացում կա:
Անահիտ Ավանեսյան - Կարմրուկի կանխարգելման ամենագործուն և պաշտպանող միջոցը պատվաստումներն են: Ազգային օրացույցով սահմանված են երկու պատվաստում՝ երկու դեղաչափով: Առաջինը մեկ տարեկան երեխաներին, և երկրորդ դեղաչափը իրականացվում է 4-6 տարեկանում:
Վարակվածների հետ շփում ունեցած 400 անձ արդեն կանխարգելիչ պատվաստում է ստացել: Առողջապահության նախարարի գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ: Պոլիկլինիկաներն ու ամբուլատորիաները աշխատում են ԿԿԽ պատվաստումը բաց թողած քաղաքացիների ցուցակները ճշգրտելու, նրանց պատվաստում առաջարկելու ուղղությամբ: Առաջիկա օրերին կբացվեն նաև շարժական կետեր:
Անահիտ Ավանեսյան - Առանձնահատուկ հորդորում ենք այն ընտանիքներին, որտեղ որ կան պատվաստման տարիքին հասած երեխաներ, անպայման պատվաստվեն, որովհետև դրանով նրանք պաշտպանում են նաև իրենց փոքր քույրիկ-եղբայրներին:
ԿԿԽ պատվաստում մեր երկրում տարեկան ստանում է տվյալ տարիքային խմբի 95 տոկոսը: Ու հենց այս մեծ ծածկույթն է պատճառը, որ վարակի տարածման տեմպերը ցածր են: Բայց տարեկան 5 տոկոս չպատվաստվածներն էլ կարմրուկի աշխուժացման համար որոշակի նպաստավոր պայմաններ են ստեղծում: Կարմրուկը բարձր վարակելիություն ունի, մեկ մարդուց վիրուսը փոխանցվում է մինչև 20 հոգու: Հիվանդությունը տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Երկու դեղաչափ պատվաստումը ստացած լինելու դեպքում վարակվելը գրեթե բացառվում է: Արդեն մեկ անգամ վարակվածների կրկնակի վարակվելու հավանականությունը նույնպես շատ ցածր է:
Գայանե Սահակյան (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ փոխտնօրեն) - Կարմրուկի վիրուսը երբեք օրգանիզմից դուրս չի գալիս, մնում է ամբողջ կյանքի ընթացքում, և եթե նպաստող որոշակի հանգամանքներ են առաջանում, վիրուսը կարող է նորից ակտիվանալ: Այս դեպքում առաջանում է ենթասուր, ձգձգվող էնցեֆալիտ, այսինքն՝ ուղեղի թաղանթի բորբոքում: Հենց վտանգավորությունը դրա հետ է կապված, որ գրեթե 100 տոկոս մահվան ելք է առաջացնում:
Էնցեֆալիտ, իհարկե, կարող է առաջանալ շատ քիչ դեպքերում: Կարմրուկի մեկ այլ լուրջ վտանգ է այն, որ վարակվելուց հետո օրգանիզմից ջնջվում է իմուն հիշողությունը: Այսինքն՝ եթե երեխան պատվաստվել է այս կամ հիվանդության դեմ կամ իմունտետ է ձեռք բերել արդեն վարակվելուց հետո, այդ բոլոր հիվանդությունների նկատմամբ նորից դառնում է խոցելի:
Գայանե Սահակյան - Եվ այս գործընթացը տևում է մոտ երեք տարի, որպեսզի իմուն համակարգը նորից վերականգնվի, նորից այդ ամնեզիան վերանա: Այս երեք տարվա ընթացքում ծնողը պետք է շատ զգույշ լինի, երեխային հանրային վայրեր, տարբեր միջոցառումներ, տարբեր խմբակային միջոցառումների տանելու ժամանակ, որպեսզի այդ վարակները չվերցնի:
Կարմրուկի գաղտնի շրջանը 7-21 օր է:
Նարինե Սարգսյանց (ՀՀ առողջապահության նախարարության խորհրդատու՝ ինֆեկցիոն հիվանդությունների գծով) - Սկիզբը հիվանդության սովորաբար լինում է սուր՝ բարձր ջերմություն: Շատ բնորոշ է այսպես կոչված տրիադան՝ երեք ախտանիշ, որը առավելապես երեխաների մոտ է տիպիկ՝ դա լինում է հարբուխ, հազ և շաղկապենաբորբ, այո՛, աչքերի լորձաթաղանթի բորբոքում:
Ցանը ի հայտ է գալիս օրեր անց: Եթե ի սկզբանե կարմրուկը համարվում էր մանկական հիվանդություն, վերջին տարիներին մեծահասակները նույնպես սկսել են վարակվել դրանով: Ընդ որում՝ նրանց մոտ հիվանդությունը ավելի ծանր ընթացք է ունենում:
Նրանք, ովքեր չգիտեն՝ սահմանված տարիքում պատվաստվել են, թե ոչ, կարող են ամեն դեպքում պատվաստվել: 18-ից բարձր տարիքի անձանց մեկ դեղաչափը բավարար է: Մինչև 18 տարեկաններին խորհուրդ է տրվում երկու դեղաչափ:
Հեղինակ՝ Աննա Զախարյան