Կարմրուկի վիրուսով վարակվելու դեպքում մարդու մոտ առաջանում է իմուն համակարգի հիշողության կորուստ: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասաց Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
«Սա նշանակում է, որ եթե երեխան դրանից առաջ բոլոր հիվանդությունների դեմ, ենթադրենք, պատվաստվել է կամ տարբեր հիվանդություններով հիվանդացել է, և արդյունքում առաջացել է իմուն հիշողություն, կարմրուկի վիրուսին հանդիպելուց հետո այլևս չի հիշում, և նորից հետվարակային շրջանում մարդը ընկալունակ է, խոցելի է ցանկացած «անշառ» վարակների նկատմամբ: Այս պրոցեսը տևում է 3 տարի, մինչև իմուն համակարգի ամնեզիան վերանա»,- ասաց Սահակյանը:
Նա ավելացրեց, որ կարմրուկի վիրուսը երբեք օրգանիզմից դուրս չի գալիս:
«Այն մնում է ամբողջ կյանքի ընթացքում, վտանգավորությունը նրանում է, որ եթե նպաստող որոշակի հանգամանքներ են առաջանում, վիրուսը կարող է նորից ակտիվանալ: Այս դեպքում առաջանում է ենթասուր, ձգձգվող էնցեֆալիտ, դա ուղեղի թաղանթի բորբոքումն է»,- ասաց Սահակյանը:
Մասնագետը կոչ արեց պատվաստվել ու կանխարգելել հիվանդությունը: