Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով արցախցի դիմորդները զրկվել են Հայաստանում անցկացվող ձմռան ընդունելության քննություններին մասնակցելու հնարավորությունից: Ըստ Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանի՝ խոսքը 50 հոգու մասին է: 2023 թվականի բուհերի ընդունելության միասնական քննություններն անցկացվում են երկու փուլով՝ ձմռանը և ամռանը: Նրանք, ովքեր ձմռանը ցածր գնահատական են ստացել և գոհ չեն իրենց արդյունքներից, կարող են ամռանը կրկին հանձնել քննությունը:
Կարո Նասիբյան (ՀՀ ԿԳՄՍՆ գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն) - Չի բացառվում, որ Արցախի դիմորդները ևս ունենան երկու հնարավորություն, չի բացառվում, որ եթե հունիսին հանձնեցին, հնարավորություն տանք նաև հանձնել հուլիսին:
ՁՄԵՌԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Բուհերի ընդունելության քննությունները կազմակերպվել են քննական 29 կենտրոնում, հայտագրվել էր 6856 դիմորդ: Բացակաները սպասվածից քիչ են եղել՝ 226 հոգի, իսկ 31 հոգի հեռացվել է քննությունից:
Կարո Նասիբյան (ՀՀ ԿԳՄՍՆ գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն) - Մի խումբ դիմորդների համար փորձության շրջան էր, թե ինչպես կարելի է օգտվել հեռախոսից կամ էլեկտրոնային այլ միջոցներից, հիմնականում եղել են հեռախոսներ՝ 99 տոկոսով և մեկ էլեկտրոնային սարք, որը հայտնաբերվելուց հետո դիմորդը հեռացվել է քննություններից:
Նասիբյանը վստահ է՝ ձմեռային միասնական քննություններից դիմորդները շահել են ոչ միայն կազմակերպչական, այլև բովանդակային ու հոգեբանական առումով. նրանք մտան քննական տրամադրության մեջ՝ հասկանալով, որ այն տարբերվում է դպրոցում սովորական թեմատիկ աշխատանք գրելուց, ծանոթացան թեստերին, պատասխանների ձևաթղթին: Ըստ ԳԹԿ պաշտոնյայի՝ հունվարի քննությանը մասնակցել են ամռանը հանձնողների շուրջ 60 տոկոսը: Ամենապահանջված առարկան անգլերենն է եղել:
Կարո Նասիբյան - Մասնակցել է 3080 դիմորդ, միջին գնահատականը եղել է 12,9, որպես կանոն` անգլերենի քննության միջին գնահատականը միշտ եղել է ավելի բարձր՝ համեմատած հայոց լեզվի:
Գնահատման և թեստավորման կենտրոնի համար հաճելի անակնկալ է եղել հայոց պատմության միջին գնահատականը, որը 14 է, կենսաբանության միջին գնահատականը՝ 13.1, աշխարհագրությանը՝ 14,1: Անբավարար գնահատականներ դիմորդներն ամենից շատ ստացել են բնագիտական առարկաներից՝ քիմիա, մաթեմատիկա:
Կարո Նասիբյան - Անգլերենից դրական միավորի շեմը չի հաղթահարել 480 դիմորդ, որը կազմում է 15.7 տոկոս, կենսաբանությունից 14.3 տոկոսը չի հաղթահարել դրական շեմը, բացասական մեծ թիվ են կազմում քիմիայից՝ 37 տոկոսն անբավարար է, ռուսերենից՝ 29.5 տոկոսը, մաթեմատիկայից՝ 27.5 տոկոսը անբավարար գնահատական է ստացել:
Ընդհանուր առմամբ, 10817 քննական թեստից 2376 աշխատանք անբավարար է եղել, բարձր՝ 18-20 գնահատական, ստացել են կենսաբանություն, հայոց պատմություն և աշխարհագրություն առարկաներից: Գնահատման և թեստավորման կենտրոնի կանխատեսմամբ՝ այս տարվա ամռանը կայանալիք միասնական քննությունների միջին գնահատականը նախորդ տարվանից բարձր կլինի: Հունիսի քննությանը մասնակցելու դիմումները կընդունվեն ապրիլի 10-ից:
Հեղինակ՝ Անի Օհանյան