Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի գլխավորած պատվիրակությանը:
Նախարարը շնորհակալություն է հայտնել ԵԽ-ին՝ ՀՀ-ԵԽ 2019-2022 թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանում դատաիրավական, սահմանադրական, քրեական արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի, պրոբացիայի և այլ ոլորտներում բարեփոխումներին աջակցության համար։
Գրիգոր Մինասյանն ընդգծել է ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությամբ և դրանից բխող գործողությունների ծրագրի շրջանակում ԵԽ-ի աջակցությունը՝ Պրոբացիայի ծառայության կարողությունների զարգացման գործընթացում, Հայաստանում ստեղծվող արբիտրաժային նոր կենտրոնի արբիտրաժային կանոնների և արբիտրաժային խորհրդի գործունեության կարգի նախագծերի փաթեթի շուրջ ԵԽ փորձագիտական կարծիքի կարևորությունը:
Նախարարը կարևորել է նաև 2019-2022 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությամբ և դրանից բխող գործողությունների ծրագրի շրջանակում ԵՄ/ԵԽ-ի Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ) շրջանակներում ցուցաբերած օժանդակությունը, մասնավորապես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, իրավապահ մարմինների և այլ շահառուների կարողությունների զարգացմանը, ուղեցույցների, մեթոդաբանությունների մշակմանը, հակակոռուպցիոն կրթության զարգացմանը և այլն:
Գրիգոր Մինասյանը ԵԽ գործընկերներին է ներկայացրել առաջիկայում նախատեսվող համատեղ ծրագրերը, ինչպես նաև արդարադատության ոլորտի բարեփոխումների շրջանակում ինստիտուցիոնալ կարողությունների բարելավմանն ուղղված քայլերը:
Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխումները կարևոր են ԵԽ-ի համար:
Մարտինա Շմիդտը նշել է, որ ԵԽ-ն պատրաստ է շարունակելու աջակցել Արդարադատության նախարարությանը՝ ռազմավարական բարեփոխումներն իրականացնելու գործում:
Հանդիպմանը Գրիգոր Մինասյանն ու Մարտինա Շմիդտն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն առաջացնող այլ թեմաների: