Գնաճի տեմպերը որոշակիորեն դանդաղել են: Եթե նախորդ տարին փակվեց 8,6 տոկոս գնաճով, ապա այս տարվա հունվար-փետրվարին Հայաստանում այն կազմել է 8,1 տոկոս: Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը 9,6 տոկոս է կազմել, նույնքան էլ՝ ալկոհոլային խմիչքներինը և ծխախոտինը: Հագուստն ու կոշիկը թանկացել են 7,5 տոկոսով:
Կարեն Սարգսյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար) - Արտաքին միջավայրից ՀՀ գնաճային միջավայրի վրա ճնշումները թուլացել են, սակայն դրա հետ միաժամանակ գործընկեր երկրներում բարձր տնտեսական աճ է արձանագրված, ինչպես նաև Հայաստանի տնտեսության մեջ արձանագրված հիմնականում ծառայությունների ոլորտում բարձր պահանջարկը որոշակիորեն նաև գնաճային սպասումներ է առաջացնում, ինչը և որոշակիորեն, այսպես ասած, դժվարացնում է գնաճի հետագա անկման գործընթացը:
Համեմատաբար մեղմ գնաճին, ըստ տնտեսագետների, նպաստել է՝ դրամի մոտ 20 տոկոս արժևորումը դոլարի նկատմամբ, սակայն կան թանկացումներ, որոնք, ըստ Բագրատ Ասատրյանի, արդարացված չեն, և այստեղ անելիք ունի մրցակցության պաշտպանության հանձնաժողովը:
Բագրատ Ասատրյան (տնտեսագետ) - ԿԲ-ն մինչև հիմա անում էր էն, ինչ որ պետք է աներ ԿԲ-ն, բայց ակնհայտ է՝ դա բավարար չէ: ՄՊՀ կա՞, թե՞ չկա: Միանշանակ կասեի, որ չկա, որովհետև ակնհայտ դեպքեր կան տեսանելի, մենք իբրև սպառող տեսնում ենք, առնչվում ենք, որ ուղղակի անհեթեթ բաներ են տեղի ունենում շուկայում, բայց ես չեմ լսել, որ որևէ լուրջ արձագանք լինի:
Ըստ Կարեն Սարգսյանի՝ լրացուցիչ հոսքերը երկիր նաև հավելյալ գնաճ են բերել: Նշում է՝ կենսաթոշակի բարձրացումը ևս գնաճը մեղմող գործիք կարելի է համարել:
Կարեն Սարգսյան - Տարբեր ոլորտներում իրականացվող տնտեսական, սոցիալական աջակցման միջոցառումները արդեն իսկ անուղղակիորեն նպաստում են, որպեսզի գնաճի ազդեցությունը հնարավորինս մեղմվի տարբեր խավերի համար: Մասնավորապես՝ աշխատավարձի բարձրացումը կարող ենք նշել:
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է նաև հունվարի գնաճի տվյալները Եվրամիության, ԱՊՀ և աշխարհի մի շարք այլ երկրներում: Հայաստանը ԵԱՏՄ-ում ամենացածր գնաճ ունեցող երկիրն է, ամենաբարձրը Ղազախստանում է՝ 20,7 տոկոս:
Բագրատ Ասատրյան - Հայաստանը, իհարկե, ամենավատ վիճակում չէ: Համեմատում ես ԵԱՏՄ անդամ երկրների հետ, ամենալավ վիճակը, բարվոք վիճակը մեր մոտ է: Համեմատում ես եվրոպական երկրներ, ԱՄՆ. էլի վիճակը շատ վատ չէ: Այսինքն՝ կարելի է սրանից մի եզրակացություն անել. սա հայաստանյան երևույթ չէ, սա համաշխարհային երևույթ է, և էսպիսի դրսևորում ուներ Հայաստանը:
Ըստ էկոնոմիկայի նախարարության պաշտոնյայի՝ պետք է գնաճը նայել ոչ թե 8,1 տոկոսի շրջանակում, այլ ընդհանուր համեմատության մեջ:
Կարեն Սարգսյան - Հայաստանյան գնաճն այժմ համադրելի է Եվրամիության տարածքի միջին գնաճի հետ, մի փոքր էնտեղ միջին ցուցանիշից նվազ է: Օրինակ՝ միջին ցուցանիշը հունվար ամսվա դրությամբ ԵՄ տարածքում 8,5 տոկոս է, սակայն տարվա կտրվածքով ակնկալվում է մինչև 5,6 տոկոս, որպեսզի անկում ապրի:
Հայաստանի կենտրոնական բանկի կանխատեսմամբ՝ այս տարեվերջին մեր երկիրը կմոտենա գնաճի սահմանված 4 տոկոս թիրախային ցուցանիշին:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան