Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներից տեղահանված շուրջ 300 ընտանիք հավաստագրի միջոցով Հայաստանի տարբեր մարզերում ձեռք է բերել անշարժ գույք, ևս 3100-ը ստացել են հավաստագիր, սպասում են վարկավորմանը: Պոտենցիալ շահառուների թիվը, նախնական հաշվարկով, 4176 է: Պետությունը 10 տարի ժամկետով 8-16 միլիոն դրամի չափով սուբսիդավորում է այդ ընտանիքներին, վճարում վարկի մայր գումարն ու տոկոսները: Այն ընտանիքները, որոնք տարբեր պատճառներով մինչև 2022-ի դեկտեմբերի 31-ը հավաստագիր ստանալու դիմում չեն լրացրել, նրանց համար ժամկետը երկարացվել է մինչև մարտի 15-ը: Բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրերում բազմաթիվ փոփոխություններ են արվել:
Գայանե Ղարագյոզյան (ՀՀ ԱՍՀՆ կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական) - Եթե հիփոթեքային վարկի չափն ավելի ցածր է, քան սուբսիդավորման ենթակա գումարը, օրինակ, ՀՀ մարզային բնակավայրերում՝ 10 միլիոն դրամը, էս դեպքում մնացորդը շահառուն կարող է ուղղել տվյալ գույքի՝ ձեռք բերվող գույքի վերանորոգմանը: Սա ևս շահառուների պահանջն է եղել, որը, բարեբախտաբար, բարելավվել է:
Ըստ Ղարագյոզյանի՝ Արցախից տեղահանված ընտանիքները բնակարան են ձեռք բերել հիմնականում Սյունիքում, Արարատում և Կոտայքում: Այդ ընտանիքների համար կարևոր պայման է եղել՝ բնակելի տանը կից տնամերձ հողակտոր լինի: Մեկ այլ փոփոխությամբ շահառուն վարկավորմամբ անշարժ գույք կարող է ձեռք բերել ոչ միայն կիսակառույց վիճակում կամ անհատական բնակելի տուն կառուցել, այլև հավաստագրով կարող է բնակարան ձեռք բերել առաջնային շուկայից՝ բազմաբնակարան շենքում: Թե որ դեպքում, որքան է աջակցության չափը, սոցապնախարարության պաշտոնյան հստակեցնում է՝ աջակցության չափը կախված է բնակության վայրից:
Գայանե Ղարագյոզյան - Եթե կառուցապատումը, կառուցապատողը Սյունիքի և Վայոց ձորի մարզերում է արվում, էս դեպքում աջակցության չափն ավելացվում է 10 միլիոնից մինչև 16 միլիոն դրամ:
Ըստ Գայանե Ղարագյոզյանի՝ եթե նախկինում կառուցապատման վարկ տրվում էր միայն զրոյական հողի վրա նոր տուն կառուցելիս, ապա վերջին փոփոխություններից հետո ավելացել է նաև կիսակառույց բնակելի տան շինարարության կետը, այսինքն՝ շահառուն կարող է սուբսիդավորվող վարկով ձեռք բերել կիսակառույց և շարունակել շինարարությունը: Մեկ այլ փոփոխություն կա օտարման պահանջի դրույթում:
Գայանե Ղարագյոզյան - Մենք ունենք ծրագրում պահանջ, որ գույքը վերջին 12 ամիսներին պետք է օտարված չլինի: Այս օտարման եղանակներից հանել ենք նվիրատվության տարբերակը, այսինքն՝ եթե գույքը նվիրատվության եղանակով է օտարվել, դա չի դիտարկվում որպես օտարման եղանակ, այսինքն՝ դիցուք, մեկը հորից ստացել է նվեր՝ անշարժ գույք նախկին իրավակարգավորմամբ, արցախցին չէր կարող այդ գույքը ձեռք բերել:
Կար նաև պահանջ, որ գույքը կամ հողը պատերազմից հետո ընտանիքի հետ փոխկապակցված որևէ անդամի պետք է չպատկաներ, նոր փոփոխություններով հողի պահանջը հանվել է, և ծրագրի շահառուն կարող է աջակցություն ստանալ և այդ հողի վրա բնակելի տուն կառուցել:
Ինչ վերաբերում է Երևանում գույքի ձեռքբերմանը, ծրագրից կարող են օգտվել այն քաղաքացիները, որոնք նախքան Արցախում բնակվելը հաշվառված են եղել Երևանում: Այս դեպքում աջակցության չափը 8 միլիոն դրամ է: Եվ քանի որ Երևանում այդ գնով հնարավոր չէ բնակարան գնել, մնացած գումարը պետք է շահառուն վճարի: