ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի (Ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը) 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվում են Արմավիր քաղաքում առերևույթ առանց պետական հաշվառման կամ գրանցման ձեռնարկատիրական գործունեություն, ինչպես նաև առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու դեպքի հանգամանքները։
Մասնավորապես, նախաքննության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության աշխատակիցների և ՀՀ ՊԵԿ օպերատիվ-հետախուզության վարչության աշխատակիցների համատեղ կատարված վարութային, ապացուցողական գործողությունների, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արմավիր քաղաքի Չարենցի փողոցում գտնվող տարադրամի փոխանակման կետում, մինչև 2022 թ. հոկտեմբեր ամիսը արտարժույթի առքուվաճառք է իրականացրել անհատ ձեռնարկատեր` ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տրամադրված թիվ N լիցենզիայի հիման վրա։
Նշված լիցենզիան, սակայն, 2022 թ. հոկտեմբեր ամսին ուժը կորցրել է, և անհատ ձեռնարկատերը դադարեցրել է գործունեությունը:
Մինչդեռ նշված ԱՁ-ի նախկին աշխատակիցը, օգտագործելով ԱՁ-ին տրամադրված, սակայն ուժը կորցրած «Արտարժույթի առուվաճառքի» լիցենզիան, առերևույթ առանց պետական գրանցման և առանց լիցենզիայի, իրականացրել է լիցենզավորման ենթակա գործունեություն, որի արդյունքում պետությանը պատճառել է խոշոր չափերի՝ շուրջ 1.000.000 ՀՀ դրամի վնաս:
Վերջինիս բնակության և գործունեության վայրերում կատարված խուզարկությունների արդյունքներով հայտնաբերվել և վերցվել են նշված անձի կողմից առանց լիցենզիայի «Արտարժույթի առուվաճառքի» գործունեությամբ զբաղվելու փաստը հաստատող՝ արտարժույթի փոխանակման համար նախատեսված ցուցանակ, թղթադրամի հաշվիչ մեքենա, տեսաձայնագրող սարք, տարբեր արտարժույթներով շրջանառու զգալի միջոցներ, ինչպես նաև վարույթի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ և փաստաթղթեր:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում առերևույթ հանցավոր արարքների արդյունքում պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու և անձի արարքներին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: